Ավագ հինգշաբթի է
Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Ավագ հինգշաբթին: Մեր Տեր Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքի հիշատակության օրն է: Վերջին ընթրիք` Ս. Հաղորդության խորհրդի հաստատում, միջօրեին մատուցվում է Սբ. Պատարագ:
Ոտնլվայի արարողությունը կատարվում է օրվա երկրորդ կեսին մինչև երեկոյան ժամերգություն և խորհրդանշում է այն խոնարհությունը, որ ցուցաբերեց Քրիստոսն իր աշակերտների հանդեպ:
Ավագ հինգշաբթի, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է հսկման (Խավարում) կարգը: Այդ ժամանակ խորանի վրա վառվում է 12 մոմ, իսկ մեկ մեծ մոմ դրվում է կենտրոնում: Յուրաքանչյուր անգամ, երբ ընթերցվում է Ավետարանը, մեկ-մեկ հանգցնում են մոմերը, վերջում մնում է միայն կենտրոնինը: Այն խորհրդանշում է Քրիստոսին, ով մնացել էր մենակ:
Ոտնլվայի կարգը, այնուհետև յուղօրհնեքը, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը կկատարի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում: Այն կսկսվի ժ. 16.30-ին: Այդ մասին հայտնում է Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվանը: