Ոչ էլ ձեզնից առհասարակ վախեցող կա․ Ալեքսանյանը՝ Մամիջանյանին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Հերթական անգամ ընդդիմությունը համադրելով իր ջանքերը, իր արյունռուշտ կոչերը այն փաստի հետ, որ կա որոշակի լարվածություն սահմաններին, որ կա ադրբեջանական զորքերի կուտակումներ սահմաններին՝ անում է նմանատիպ հայտարարություններ»,- այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ԱԺ նիստում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով ՊՈԻ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի այն հայտարարությանը, թե «արյամբ են փոխելու իշխանությունը Երևանում»:
Ինչ վերաբերում է Հայկ Մամիջանյանի այն արտահայտությանը, թե «երբ կանչը հնչի՝ կգա գործելու ժամանակը», Վահագն Ալեքսանյանը խնդրեց «այդքան պաթոսով չարտահայտվել և «Վայբերի» sms-ներին կանչ չանվանել, որովհետև բոլորս էլ գիտենք, թե էդ ձեր «կանչ» կոչվածով ինչի հետ եք, ինչ sms-ների հետ եք, որ ստանում եք «Վայբերով»: Եվ ես վստահ են, որ մեր հայրենակիցների մեծամասնությունն անգամ գիտի, թե աշխարհագրական որ կետից եք ստանում էդ «կանչ»-երը: Պարոն Մամիջանյան, այնպես որ խնդրում եմ՝ էդ ձեր «կանչ»-երն ու sms-ները պահեք միայն ու բացառապես ձեր ընթերցանության համար. էստեղ ոչ ձեր կանչերից վախեցող կամ ոչ ձեր արյունռուշտ կոչերից վախեցող կա ու ոչ էլ առհասարակ ձեզնից վախեցող կա»:
Վահագն Ալեքսանյանը հավելեց. «Ու եթե ձեզ թվում է, որ ձեր քաղաքական ուժին, ձեր քաղաքական ուժի նախագահին հաջողվել է իշխանության գալ Մարտի 1-ին արյուն թափելով, ու դա ձեզ հաջողվելու է երկրորդ անգամ, ապա ձեզ մեծ, շատ մեծ հիասթափություն է սպասվում: Այս ելույթը կարող եք թարգմանել ու «Վայբերով» հետ ուղարկել»: