Տղաներին ասել եմ, որ չպետք է պարտվեն մնացած խաղերում. Ալեքսանդր Պետրակով (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր կայացավ ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի նախախաղային մամուլի ասուլիսը Եվրո-2024-ի ընտրական փուլի 6-րդ տուրի Խորվաթիայի հետ հանդիպումից առաջ։
Ահա ուկրաինացի մասնագետի պատասխանների համառոտ սղագրումը.
«Մենք աշխատում ենք թիմի վերականգման վրա: Բոլոր մարզումներն ուղղված են հենց դրան»:
«Վաղը հաղթելու գրավական կարող է լինել այն, որ խաղում ենք սեփական դաշտում, մեր երկրպագուների աջակցության ներքո, թիմի նվիրումը, ինչ-որ տեղ նաև մարզական բախտը»:
«Վնասվածք ստացած Տիգրան Բարսեղյանի տեղն ուրիշ ֆուտբոլիստ չենք հրավիրել, քանի որ հարձակման դիրքում յոթ խաղացող ունենք»:
«Ժիրայր Շաղոյանին չենք հրավիրել, քանի որ նա իր թիմում խաղում է, բայց գոլ չի խփում: Երբ որ նրա խաղում առաջընթաց կնկատենք, նորից կկանչենք հավաքական»:
«Վաղվա խաղում մարտավարական առումով մեծ փոփոխություններ չեն լինի, չնայած թիմի ավագ Վարազդատ Հարոյանը բացակայելու է: Թե ով կլինի վաղն ավագի թևկապով, կորոշենք խաղի օրը: Վահան Բիչախչյանը ձեռքի հետ կապված խնդիր ունի: Այսօր նա կմարզվի, և եթե խնդիրներ չեն ծագի, ապա վաղը նրան կարող եք տեսնել դաշտում»:
«Ինձ դուր է գալիս, թե ֆուտբոլիստներն ինչպես են տրամադրվում խաղերին, կատարում իրենց աշխատանքը: Սակայն, մենք ընտրության մեծ հնարավորություններ չունենք, ստիպված ենք լինում հատիկ առհատիկ հավաքել նրանց: Հիմա ֆեդերացիան աշխատում է նոր համալրման վրա»:
«Թուրքիայի խաղից առաջ տղաներին ասել եմ, որ ձեզ մնացել է 5 եզրափակիչ, եթե մեկում պարտվեք, ապա դուրս եք թռնում: Մի եզրափակիչն անցել ենք՝ Թուրքիան: Հաջորդը Խորվաթիան է: Պետք է անցնել նաև դա»:
«Հայաստանի Պրեմիեր Լիգայում առաջընթաց կա, նոր ներդրողներ են հայտնվել: Զարմացած եմ միայն, որ Երևանի նման գեղեցիկ քաղաքում դեռ չկա 5 աստղանի մարզադաշտ: Լիգայում հանդես եկող ֆուտբոլիստների մեջ դեռ չկան այնպիսիք, որ կարող են ուժեղացնել հավաքականը: Երիտասարդականի տղաներին դեռ չեմ տեսել: Դա կանեմ սեպտեմբերի 12-ի խաղին»:
Հիշեցնենք, որ Եվրո-2024-ի ընտրական փուլի 6-րդ տուրի Հայաստան – Խորվաթիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 11-ին: Թիմերը վաստակել են 7-ական միավոր և բաժանում են 2-3-րդ տեղերը։