
Մահացել է «Օղակների արքա» Ալբերտ Ազարյանը
Աջակցիր «Ա1+»-ին«Սիրելի հայրենակիցներ, խոր վշտով պիտի տեղեկացնեմ, որ քիչ առաջ կյանքի 94-րդ տարում իր մահկանացուն կնքեց բոլոր ժամանակների մեծագույն հայ մարզիկ ԱԼԲԵՐՏ ԱԶԱՐՅԱՆԸ: Պատիվ և երջանկություն էր լինել ՔՈ ժամանակակիցը, հանգչիր խաղաղությամբ սիրելի՜ վարպետ», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը։
Ալբերտ Ազարյանը ծնվել է 1929 թվականին Գանձակում։ 1939 թվականին ընտանիքը տեղափոխվել է Վանաձոր, իսկ 1947 թվականին՝ Երևան։ 1944 թվականին հոր մահից հետո աշխատել է դարբնի աշակերտ՝ զուգահեռ հաճախելով երեկոյան դպրոց։ 1946 թվականից զբաղվել է սպորտով՝ ըմբշամարտով և ծանրամարտով։
1947 թվականին Մոսկվայում մասնակցել է ֆիզկուլտուրնիկների համամիութենական շքերթին։ 1948-1952 թվականներին սովորել է Հայկական ֆիզկուլտուրայի տեխնիկումում։ Ուսմանը զուգահեռ, Սեմյոն Կարագյոզյանի ղեկավարությամբ զբաղվել է սպորտային մարմնամարզությամբ։
1952 թվականին առաջին անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն օղակներից։ 1954 թվականին ԽՍՀՄ հավաքականի կազմում մասնակցել է Իտալիայում աշխարհի առաջնության մրցումներին և դարձել աշխարհի չեմպիոն օղակներից։ 1955 թվականին Արևելյան Գերմանիայում մասնակցել է Եվրոպայի առաջնության մրցումներին և նվաճել երկու մեդալ՝ օղակներից և զուգափայտից։
1956 թվականին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը։ 1956 թվականին Ավստրալիայում դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն օղակներից։ 1958 թվականին Մոսկվայում մասնակցել է աշխարհի առաջնության մրցումներին՝ նվաճելով աշխարհի չեմպիոնի կոչում՝ օղակներից։ 1960 թվականին Իտալիայում դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն օղակներից։ Այդ իսկ պատճառով նրան անվանել են «Օղակների արքա»:
Մասնակցել է մրցումների աշխարհի 49 պետություններում, նվաճել 45 ոսկյա, 42 արծաթյա և 10 բրոնզե մեդալներ։ ԽԱՀՄ առաջնություններում 11 անգամ արժանացել է չեմպիոնի կոչման։
1964 թվականին ավարտել է մարզական գործունեությունը՝ անցնելով աշխատանքի Երևանի քաղաքային ժողկրթության վարչության օլիմպիական հերթափոխի մարմնամարզության մասնագիտացված մարզադպրոցում որպես տնօրեն։ 1964-2000 թվականներին եղել է Օլիմպիական խաղերի պատվավոր հյուր։
2022 թվականի դեկտեմբերի 1-ին Երևանում Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի բակում բացվել է Ալբերտ Ազարյանի կիսանդրին
2000 թվականին ճանաչվել է 20-րդ դարի Հայաստանի լավագույն մարզիկը։