Փաշինյանի հայտարարության հետևանքը ԼՂ-ում արտագաղթելու տրամադրությունների ուժեղանալն է․ Ա․ Բաղդասարյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Պետության ղեկավարն իրավունք չունի խոսել հավաստի տեղեկությունների մասին, այդպես կարող է խոսել խմբագիրը կամ լրագրողը։ Երկրորդը, Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարության արդյունքն ի՞նչ եղավ։ Արդյունքը կարող է լինել այն, որ Լեռնային Ղարաբաղում խուճապային և արտագաղթելու, թողնել-գնալու տրամադրություններն ավելի ուժեղանան։ Ն․Փաշինյանն Արցախի հայաթափումն ամբողջությամբ հանձնել է Ադրբեջանին և դա ընկալում է որպես իր ասած խաղաղության ճանապարհին ուղղված քայլ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը։
Հիշեցնենք, որ երեկ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Ն․Փաշինյանը հայտարարեց, թե հավաստի տեղեկություններ կան, որ Ադրբեջանը ցանկանում է միակողմանի բացել Լաչինի միջանցքը, որ ԼՂ քաղաքացիներն այնտեղից դուրս գան։
Ա․ Բաղդասարյանը վստահություն հայտնեց, թե Ն․ Փաշինյանը ցանկանում է, որ Արցախը հայաթափվի հնարավորինս արագ, որ ինքն իր պատկերացմամբ այդ գնով կարողանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատել։ «Բայց դա իրականացնել հնարավոր չէ, դա ասում է նաև Ադրբեջանը՝ Հայաստանից տարածքային պահանջներ ներկայացնելով։ Չէ որ Փաշինյանը երբ հայտարարեց անկլավները հանձնելու մասին, դրանից իրավիճակը միայն վատացավ՝ Ադրբեջանը մի քանի հարյուր հազար փախստականներ վերադարձնելու, դրանց անվտագության մեխանիզմներ ապահովելու, փոխհատուցումներ տալու և այլ պահանջներ հնչեցրեց»,- ասում է քաղաքական մեկնաբանը։
Անդրադառնալով տարածաշրջանում ՌԴ-ի հավակնություններին՝ ասում է, եթե այդ երկրի նպատակը Արցախն Ադրբեջանին չհանձնելը լիներ, նա Լաչինի միջանցքը բաց պահելու բոլոր հնարավորություններն ուներ։ «Կարծում եմ ՌԴ-ի նպատակն այնն է, որ ինչքան կարողանա Արցախը հայկական պահել, այդ ընթացքում մաս առ մաս առևտուր անի Ադրբեջանի հետ։ Իսկ հետագայում Արցախն ադրբեջանին հանձնելու ալիքի տակ Հայաստանում իշխանափոխություն իրականացնի։ Հիմա ՌԴ-ին Արցախի՝ իր բաժին 30 տոկոսը փորձում է հանձնել Ադրբեջանին և դրա դիմաց ուժեղացնել իր դիրքերը Հայաստանում։ Նաև՝ ինչ-որ բան ստանալ և՛ ՀՀ-ից, և՛ Ադրբեջանից։ Իսկ Հարավային Կովկասից ՌԴ-ն դուրս չգալու մի հնարավորություն ունի՝ Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո Հայաստանի դեմ նոր ագրեսիա հրահրի, որպեսզի ՀՀ-ն, ինչպես միշտ, օգնություն կանչի իրեն։ Ինքն էլ, ինչպես միշտ, մի քանի օր ուշացումով գա և դրա դիմաց պահանջի ինքնիշխանության մի մասի զիջում»,- հավելեց Ա․Բաղդասարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։