Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ադրբեջանը շարունակաբար խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը բելգիացի գործընկերոջ՝ Հաջա Լահբիբի հետ համատեղ մամլո ասուլիսում գոհունակությամբ արձանագրել է Հայաստան-Բելգիա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը։

 

Արարատ Միրզոյանը նշել է, որ  կողմերն անդրադարձել են գործընկերության հետագա ընդլայնման հեռանկարներին՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով գործնական քայլեր ձեռնարկել մասնավորապես տնտեսական, գիտական, կրթական, տեղեկատվական տեխնոլոգիաների, մշակութային ոլորտներում առկա ներուժը լիարժեք իրացնելու, հնարավոր ներդրումները խթանելու ուղղությամբ։   

«Վստահություն ենք հայտնել, որ տարածաշրջանում զարգացման խթանման, ժողովրդավարական արժեքների, ինչպես նաև երկու ժողովուրդների միջև քաղաքակրթական ընդհանրությունների վրա հիմննած փոխգործակցությունը կունենա իր դրական արդյունքը։ Նաև այս համատեքստում մեծապես ողջունում ենք Բելգիայի կառավարության որոշումը՝ Երևանում դեսպանություն բացելու վերաբերյալ, ինչն անկասկած նոր լիցք կհաղորդի հայ-բելգիական դինամիկ հարաբերությունների զարգացմանը»,- նշեց ՀՀ արտգործնախարարը։

ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարն Հաջա Լահբիբին շնորհակալություն է հայտնել Բելգիայի ԱԳՆ-ի կողմից Երևանում գործող Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին ցուցաբերված աջակցության համար և հույս հայտնել, համագործակցությունը կշարունակվի նաև այդ ուղղությամբ։ Երկու արտգործնախարարների հանդիպման ընթացքում կարևորվել է նաև Հայաստանի և Բելգիայի միջև միջխորհրդարանական արդյունավետ համագործակցությունը՝ հատկապես հաշվի առնելով Բելգիայի օրենսդիր մարմնի համերաշխությունն ու զգալի ուշադրությունը Հայաստանի համար մեծ կարևորություն ունեցող հարցերում։

Հայաստանի և Բելգիայի արտաքին գործերի նախարարների միջև Երևանում կայացած քննարկման  առանցքում՝ ի թիվս այլ հարցերի, եղել է նաև Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամը, որն առաջացել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով։ Հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Մանրամասն անդրադարձել ենք Լեռնային Ղարաբաղում  իրավիճակի ծայրահեղ բացասական ու անդառնալի հետևանքներին, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հրատապ նիստին, դրա շրջանակում, ինչպես նաև 2022 թվականի դեկտեմբերից Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումից ի վեր միջազգային գործընկերների, կառույցների, այդ թվում՝ Բելգիայի ու ԵՄ մյուս անդամների հասցեական ուղերձներին, որոնք խիստ կարևորում ենք։ Այդուհանդերձ, ի հեճուկս այդ բոլորին և հակառակ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումներին, Ադրբեջանը շարունակում է Լաչինի միջանցքի արգելափակումը։ Իհարկե, սա մյուս զարգացումներից անջատ դրսևորում չէ, մենք շարունակաբար ահազանգում ենք, որ Ադրբեջանի գործողությունների հիմքում դրված է Լեռնային Ղարաբաղին էթնիկ զտումների ենթարկելու բացահայտ քաղաքականությունը,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը։

Համատեղ քննարկումների ընթացքում ընդգծվել է նաև, որ վերջին օրերին Ադրբեջանը պարբերաբար խախտում է զինադադարը Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև թիրախավորում Հայաստանի պետական սահմանին գտնվող դիրքերը։ Միրզոյանն ընդգծել է, որ այդ մասին հայտնել է նաև ՀՀ-ում Եվրամիության առաքելությունը։

Միրզոյանի պնդմամբ՝ Ադրբեջանը շարունակաբար խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները։ Նրա խոսքով՝ բացառություն չի կազմել նաև այնպիսի հումանիտար հանձնառության կյանքի կոչումը, ինչպիսին է հայ ռազմագերիների ու պահվող քաղաքացիական անձանց վերադարձնելը, ինչպես նաև անհետ կորածների ճակատագրերի պարզաբանումը։

Միրզոյանը հավելել է, որ այսօր Ադրբեջանը փաստացի պատանդառության մեջ է պահում ԼՂ-ի 120 հազար բնակչությանը։ Նման գործելաոճով Ադրբեջանն, ըստ Միրզոյանի, մարտահրավեր է նետում տարածաշրջանում իրական կայունության ու խաղաղության վերահաստատմանն ուղղված միջազգային հանրության, բայց առաջին հերթին՝ ՀՀ-ի ջանքերին։

«Հայկական կողմն ակնկալում է, որ մեր միջազգային գործընկերները քաղաքական կամք կդրսևորեն ու կձեռնարկեն գործուն քայլեր՝ Ադրբեջանի ապակառուցողական, հակամարդկային ու ռազմատենչ գործելաոճը փոխելու ուղղությամբ։ Հայկական կողմը ևս մեկ անգամ վերահաստատում է ՀՀ կառավարության դիրքորոշումը՝ բանակցությունների միջոցով հասնել մեր տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը»,- ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարարը։

 

Հանդիպման ընթացքում Միրզոյանն ու Լահբիբն անդրադարձել են նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում արդյունավետ փոխգործակցությանը, քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակում համագործակցությունը։ Հետաքրքրությունների շրջանակը բավականին լայն է՝ ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումներին աջակցելուց մինչև տնտեսական զարգացում, անվտանգային հարցերի շուրջ երկխոսություն և Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեություն։ Հայկական կողմն իր գոհունակությունն է հայտնում պետական սահմանին մշտադիտարկում իրականացնող առաքելության կազմում հատկապես Բելիգիայի ներկայության առթիվ։