Թումոյի այգում կկազմակերպվեն օպերային երեկոներ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՕպերային երեկոներ՝ Թումոյի այգում. Երևանի քաղաքապետարանի մշակութային հերթական նախաձեռնությունը մայրաքաղաքում: Աշխատանքային խորհրդակցության ժամանակ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է քայլեր ձեռնարկել նախագիծն իրականացնելու ուղղությամբ: *** «Հայգեր» մակնիշի շուրջ 250 ավտոբուսները կփոխարինվեն էլեկտրական ավտոբուսներով: Գործընթացը մեկնարկելու նպատակով հանձնարարվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ սկսել բանակցությունները: *** Երևանի մետրոպոլիտենում շահագործվող 1976թ. արտադրության շարժակազմերը կփոխարինվեն նորերով։ Նախատեսվում է ձեռք բերել 45 նոր շարժակազմ, տեխնիկական բնութագրերն արդեն պատրաստ են: *** Նոր Նորք վարչական շրջանում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկի փողոցի միջնամասում կկառուցվի նոր այգի: Հանգստի գոտին կունենա շատրվանային ավազան, կասկադային աստիճանահարթակներ, երեխաների համար խաղահրապարակներով կահավորված հատված ու շների զբոսանքի համար առանձնացված տարածք: Այգում կհիմնվի անտառային գոտի, տարածքը ապահովված կլինի ոռոգման համակարգով: *** «Փակ շուկայի» դիմացի գետնանցումն արդեն հարմարեցված է հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար. տեղադրվել է հատուկ վերելակ: Երևանում այս տարի շուրջ 20 նմանատիպ վերելակ կտեղադրվի: *** Մայրաքաղաքում workout մարզաձևը զարգացնելու նպատակով բոլոր վարչական շրջաններում կառուցվում են հատուկ մարզահրապարակներ: Ընդհանուր առմամբ կկահավորվի 24 բակային տարածք:
*** Շինբարեկարգման ծրագրով ընթացիկ տարում մայրաքաղաքում 16 կմ ոռոգման նոր ցանց կանցկացվի: Եվս 25 կմ էլ՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կողմից: *** Մեկնարկել են Նորք-Մարաշը Սարալանջին կապող նոր ճանապարհի կառուցման աշխատանքները: Քարքարոտ ու անանցանելի այս հատվածը կդառնա շուրջ 1.4 կմ երկարությամբ ու 7մ լայնությամբ ժամանակակից ճանապարհ: Տարածքում կիրականացվեն նաև ենթակառուցվածքների անցկացման աշխատանքներ: