Արցախի ԱԳՆ-ն մեկնաբանել է Բաքու-Ստեփանակերտ հնարավոր երկխոսության մեկնարկի մասին շրջանառվող լուրերը
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախի ԱԳՆ-ն, ընդունելով Ստեփանակերտ-Բաքու հնարավոր երկխոսության մեկնարկի շուրջ ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում, հանրային հետաքրքրության կարևորությունը՝ միևնույն ժամանակ նպատակահարմար չի համարում մեկնաբանություններ անել ոչ իր պատճառով չկայացած առանձին հանդիպումների վերաբերյալ։ Այս մասին նշել են Արցախի արտաքին գործերի նախարարությունից՝ ի պատասխան Արցախի Հանրապետության և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հնարավոր հանդիպման վերաբերյալ հայկական տեղեկատվական դաշտում տարածվող լուրերի վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցի:
Միևնույն ժամանակ, գերատեսչությունից համոզմունք հայտնեցին, որ երկխոսության հաջողությունը կախված է իրենց տարաձայնությունները կարգավորելու հարցում երկու կողմերի իրական շահագրգռվածությունից և բարեխիղճ մոտեցումից: «Մեր կողմից նման շահագրգռվածությունն առկա է։ Եթե ադրբեջանական կողմը ևս այդպիսի պատրաստակամություն դրսևորի, դա թույլ կտա ուղի հարթել երկխոսության մեկնարկի համար: Այս համատեքստում կրկին ընդգծում ենք, որ Արցախի և Ադրբեջանի միջև երկխոսությունը պետք է տեղի ունենա համապատասխան մանդատով օժտված միջազգային համաձայնեցված ձևաչափով»,- նշեեցին Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունից՝ ավելացնելով, որ նման մոտեցումը թույլ կտա միջազգային հանրությանն առավել ակտիվ ներգրավվել բանակցային գործընթացում, ամրապնդել դրա լեգիտիմությունն ու կայունությունը, ինչպես նաև ապահովել կողմերի միջև հնարավոր պայմանավորվածությունների իրականացման հուսալի երաշխիքներ։