Կոնֆերենցիաների լիգա. չորս «քննություն» հայկական ակումբների համար
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի չորս ակումներ առաջին անգամ մեկ օրում կանցկացնեն եվրոպական գավաթների հանդիպումներ:
ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլում այսօր կկայանան առաջին հանդիպումները: Մեր թիմերի առաջինը պայքարի մեջ կմտնեն «Արարատ-Արմենիան» ու «Ալաշկերտը», որոնք սեփական դաշտում կընդունեն համապատասխանաբար հունական «Արիսին» և հունգարական «Դեբրեցենին»: Այդ խաղերը կմեկնարկեն ժամը 19-00-ին: Ի դեպ, «Ալաշկերտի» խաղը կկայանա Աբովյանում:
Ժամը 21-00-ին «Փյունիկը» Շվեդիայում կհանդիպի տեղի «Կալմարի» հետ: Կես ժամ անց Հայաստանի չեմպիոն «Ուրարտուն» Ռումինիայում կմրցի տեղի «Ֆարուլի» հետ:
Ըստ բուքմեյքերների, հայկական թիմերին սպասվում են լուրջ «քննություններ», քանի որ բոլոր այդ խաղերում ֆավորիտ համարվում են մրցակիցները: Սակայն, ինչպես նախախաղային ասուլիսում նշեց «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, առայժմ թղթի վրա են երևում ֆավորիտները, իսկ իրական պատկերը պարզ կդառնա առաջին խաղերից հետո:
Հավելենք, որ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլում Հայաստանից բացի 4-ական մասնակիցներ ունեն նաև Լատվիան, Հունգարիան, Լյուքսեմբուրգը և Ռումինիան: Ելնելով դրանից բավական սկզբունքային նշանակություն ունեն «Ֆարուլ» - «Ուրարտու», «Ալաշկերտ» - «Դեբրեցեն», «Կեսկեմետ» - «Ռիգա» հանդիպումները: