50 տարի առաջ. «Արարատ-73». կարևոր հաղթանակ Տաշքենդում
Աջակցիր «Ա1+»-ին«Ա1+»-ը շարունակում է լեգենդար «Արարատ-73»-ի հաղթանակին նվիրված նյութերի շարքը:
50 տարի առաջ, հուլիսի 15-ին, «Արարատին» հյուրընկալեց Տաշքենդի «Պախտակորը», որը շատ վատ էր սկսել առաջնությունը, սակայն նախորդ երեք խաղերում հաղթանակ էր տարել և շտկել էր մրցաշարային գործերը:
«Արարատը» նույնպես հաղթանակներ էր տոնել նախորդ երեք խաղերում, որի հաշվին վստահորեն գլխավորում էր աղյուսակը: Ինչպես տեղեկացնում է «Ուզբեկստանի ֆիզկուլտուրնիկ» թերթի թղթակիցը, արարատցիները հենց սկզբից գրոհում են լայն ճակատով, և արդեն 11-րդ րոպեին տանտերերի պաշտպանությունը երերում է:
Լևոն Իշտոյանն աջ եզրից սլացիկ գրոհում է, ապա գնդակը փոխանցում Սերգեյ Պողոսյանին, որն ընթացքից գեղեցիկ հարվածով գրավում է դարպասը:
Գոլից հետո դաշտի տերերը շատ արագ սթափվում են: Հարձակվողներին սկսում են օգնել նաև կիսապաշտպանները, հատկապես Անը, որի փոխանցումից հետո Լիսակովսկին հավասարեցնում է հաշիվը: 13 րոպե անց նույն Անը նոր գրոհ է սկսում, գնդակը փոխանցում է Կորչոնովին, վերջինս Աբդուրահիմովին, որը և մոտ տարածությունից խփում է երկրորդ գոլը:
Ծանր վիճակում հայտնված երևանցիները չեն ընկճվում և գնալով ավելի են ուժեղացնում ճնշումը մրցակցի դարպասի վրա: «Պախտակորի» պաշտպանները և դարպասապահ Գոգանովը գնալով մեծ դժվարությամբ են չեզոքացնում արարատցիների գրոհները: Եվ ահա, 76-րդ րոպեին նրանք տեղի են տալիս:
Իշտոյանի հարվածը դարպասապահը մի կերպ ետ է մղում, բայց վրա հասած Անդրեասյանը հավասարեցնում է հաշիվը: «Արարատը» չի բավարարվում ձեռք բերածով և շարունակում է գրոհել: Խաղի ավարտից երեք րոպե առաջ նույն Անդրեասյանը, ստանալով Զանազանյանի գերազանց փոխանցումը, խփում է հաղթական գոլը՝ 3:2: Արարատցիները վաստակում են հերթական երկու միավորները և էլ ավելի են ամրապնդվում առաջին հորիզոնականում, քանի որ նրանց հիմնական մրցակիցները սայթաքում են:
Հաջորդ, թվով 17-րդ խաղը, թիմն անցկացնում է հուլիսի 22-ին, Երևանում: Մրցակիցը Թբիլիսիի «Դինամոն» է: