Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հետեւանքները պատճառներից վատ կարող են լինել»

Քաղաքականություն
6176893ec0d6da012473b6fab4cc499e

Այսօր Ժողովրդավարության եւ համագործակցության ինստիտուտի Նյու-Յորքի մասնաճյուղի տնօրեն Անդրանիկ Միհրանյանը Մանկավարժական համալսարանում դասախոսություն կարդաց մահմեդական աշխարհում վերջին շրջանում տեղի ունեցող արյունալի հեղափոխությունների մասին եւ անդրադարձավ դրանց ազդեցությանը հետխորհրդային երկրների վրա: Մինչ այդ, սակայն, համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը նրան շնորհեց ՀՊՄՀ-ի պատվավոր դոկտորի կոչում, եւ Միհրանյանը դասախոսությունը կարդաց դոկտորի թիկնոցն ուսերին:

Միհրանյանի գնահատմամբ, արաբական աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները ոչ մի ազդեցություն չեն կարող ունենալ Հայաստանի վրա, քանի որ ամեն առանձին վերցրած երկրում հեղափոխության բռնկման շարժառիթները շատ տարբեր են: Բայց նա ընդգծեց, որ բոլոր այդ երկրներում կար մեկ ընդհանրացնող բան, իշխանության ղեկին գտնվող անձը ղեկավարում էր երկիրը 20,30, անգամ 40 տարի եւ այդ ընթացքում մաքրում էր իր շրջապատը, հետեւաբար ցիրկուլյացիայի հնարավորություն չէր մնում:

«Մեր երկրում նման բան չկա»,-նկատեց Միհրանյանն ու ավելացրեց, որ մյուս վտանգավոր գործոնն էլ մեր երկրում բացակայում է` միջկրոնական, միջազգային բախումները. «Նաեւ մարդկային ավելցուկային ռեսուրսը, որ այնտեղ կայծի դեր խաղաց, մեզ մոտ ավելին, այսօր դեմոգրաֆիական առումով ծանր վիճակ է, ազգը չի վերարտադրվում, սոցիալական լուրջ խնդիրներ կան, բայց դրանց լուծումը պետք է տրվի շատ հանգիստ»:

Նա գտնում է, որ իշխանափոխություն մեր երկրում հնարավոր չէ, քանի որ իշխանական էլիտան միասնական է, իսկ հեղափոխական իրավիճակներ ստեղծվում են միայն այն ժամանակ, երբ իշխանության ներսում համախմբում չկա, եւ դրան էլ գումարվում է փողոցի գործոնը: Նա ընդհանրապես կարծում է, որ ամենավտանգավոր եւ անթույլատրելի բանը փողոցի միջոցով իշխանափոխություն իրականացնելն է, քանի որ փողոցը ոչ մի լավ բանի չի բերում, որովհետեւի հիմնականում առաջին շարքերում «փողոց խուժանն է, որի համար ոչ կարգ կա, ոչ օրենք, ոչ բարոյականություն, դրա համար էմոցիաներն ու անասնական բնազդներն են գերակշռում»:

«Այսպես առաջին հերթին դու ես խախտում դեմոկրատիայի հիմքերը, իշխանափոխությունը պետք էիրականացնել ընտրությունների միջոցով»,-ասաց Անդրանիկ Միհրանյանը: Բայց 43 տարի ՀՀ-ում չբնակվող քաղաքագետը չպարզաբանեց` ինչ անել այն դեպքերում, երբ ընտրությունները պերմանենտ կեղծվում են:

Հեղափոխությունների թեման Անդրանիկ Միհրանյանն ավարտեց 19-րդ դարի մի ասացվածքով, որ բռնություններով արված իշխանափոխության արդյունքները շատ ավելի վատն են լինում, քան իշխանափոխության առիթ դարձած պատճառները: Միհրանյանը հավելեց, որ Հայաստանում չկան հեղափոխության հիմքեր, բայց կա մեծ վտանգ` սառը եւ տաք պատերազմի վտանգը. «Մենք տաք պատերազմի մեջ ենք Ադրբեջանի հետ եւ սառը պատերազմի մեջ` Թուրքիայի, իսկ ներքին անկայությունը շատ վտանգավոր կարող է լինել երկրի համար»:

Նա նաեւ կարծում է, որ ՀՀ բոլոր երեք իշխանությունների մեջ Սարգսյան-Նալբանդյան զույգը տարել է ամենակատարյալ արտաքին քաղաքականությունը, որի արդյունքում ՀՀ վարկը համաշխարհային ասպարեզում բարձրացել է` սկսած հայ-թուրքական հարաբերություններով, վերջացրած Արցախի հարցով. «Համենայն դեպս ինձ Նյու-Յորքից ու Մոսկվայից այդպես է պատկերվում իրավիճակը»,-եզրափակեց իր խոսքը մի քանի օր Երեւանում գտնվող Անդրանիկ Միհրանյանը: