Արցախը գտնվում է պատանդի կարգավիճակում ռուս-ադրբեջանական դաշինքի ձեռքին․ քաղաքագետ
Աջակցիր «Ա1+»-ին«Կրակոցները պետք է դիտարկել որպես բանակցային խաղաղ կարգավորման գործընթացի տապալման փորձ»,- այս կարծիքին է քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ այս գիշեր Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ էին բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 4 զոհ:
«Մենք պետք է հասկանանք, որ Վաշինգտոնում Միացյալ Նահանգները անկյունաքարային հարց է դարձրել Արցախի հայերի իրավունքների պաշտպանությունը։ Ըստ երևույթին՝ այնտեղ բանակցությունների ընթացքում ականջահաճո որևէ բան չլսելու հանգամանքով պայմանավորված՝ Ադրբեջանը փորձում է այսպիսի անուղղակի մեթոդներով բոյկոտել բանակցային գործընթացը»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետը։
Նրա խոսքով՝ դժվար թե Ադրբեջանը Միացյալ Նահանգների վերահսկողության տակ իրականացվող բանակցային գործընթացից ուղղակի դուրս գար, քանի որ դա կբերեր հակաքայլերի հենց Վաշինգտոնի կողմից։ Հավելեց՝ չպետք է մոռանանք, որ կառուցողական դիրքորոշումներ արտահայտելու շնհորիվ է Ադրբեջանը հենց այդ հարթակներում խորամանկում՝ համապատասխան վերաբերմունքի չարժանանալու համար։
Ըստ քաղաքագետի՝ Հայաստանի Հանրապետությունը այս առումով պետք է աշխատանք տանի, հստակ ցույց տա գործընկերների ներկայությամբ, որ Ադրբեջանը ապակառուցողական տրամադրված կողմ է և ամեն ինչ փորձում է անել, որպեսզի վերսկսի ռազմական գործողությունները։
Իսկ Արցախի ԱԺ-ում արված հայտարարությունը, որ հայկական կողմը անհապաղ պետք է դադարեցնի մեկնարկած բանակցությունները, քաղաքագետը մեկնաբանեց այսպես, որ կարող ենք ենթատեքստում ճնշումներ նկատել հենց Արցախի Հանրապետության վրա, որովհետև Արցախը գտնվում է պատանդի կարգավիճակում ռուս-ադրբեջանական դաշինքի ձեռքին։
Չբացառեց նաև այն, որ Ռուսաստանի Դաշնությունն է ճնշում գործադրել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ։ Ավելացրեց, որ Միացյալ Նահանգները լավ հասկանում է ԼՂ-ի այդ պոռթկումները երբեմն որտեղի՞ց են լինում և ո՞ւմ հրահրմամբ են լինում։ Քաղաքագետը խոսքը եզրափակեց նրանով, որ Ռուսաստանի ջանքերը այստեղ որևէ տեղ չտանող հանգամանք են, և որևէ մեկը ականջալուր չի լինելու Լեռնային Ղարաբաղի այդ հորդորին՝ շատ լավ հասկանալով, որ դա կարող է ճնշում լինել, ինչը հենց այդպես էլ կա։