ՀՀ ԿԳՄՍ նախարարը և Բրիտանական խորհրդի գլոբալ ցանցի տնօրենը քննարկել են համագործակցության հեռանկարները
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հունիսի 19-ին ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին ու Բրիտանական խորհրդի գլոբալ ցանցի տնօրեն Չարլի Վալքերին:
Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ադդէ Հովասափյանը:
Ժաննա Անդրեասյանը, անդրադառնալով կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում Բրիտանական խորհրդի հետ համատեղ ծրագրերի իրականացմանը և փորձի փոխանակումներին, նշել է, որ դրանք կարող են ստեղծել նոր հնարավորություններ արդյունավետ համագործակցությունն առավել ընդլայնելու համար:
«Հատկապես շեշտվել են անգլերենի ուսուցիչների վերապատրաստման և ուսուցման որակի ապահովմանն ուղղված աջակցությունը, դպրոցներում անգլերենի ակումբների ստեղծման, բուհերում «Ստեղծագործ միտք» ծրագրերը։
Անդրադարձ է եղել նաև կրթության և մշակույթի ոլորտների բարեփոխումների ընթացքին. կողմերը վերահաստատել են իրանց պատրաստակամությունը՝ առավել արդյունավետ համագործակցել ոլորտային ռազմավարությունների իրականացման փուլում։
Հանդիպման ընթացքում առաջարկվել է դիտարկել համագործակցության հնարավորությունները բարձրագույն կրթության ոլորտում, մասնավորապես՝ փոխայցելություններ կազմակերպել բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև»,- ասվում է հաղորդագրության մեջ: