Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail__T011748
A A
Պաշտոնական

Արայիկ Հարությունյանը միջազգային գործընկերներին է ներկայացրել Ռազմավարական հաղորդակցության և Մասնակցային կառավարման ուղղությունները

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպել և միջազգային գործընկերներին է ներկայացրել Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության իր համակարգման ներքո գտնվող Ռազմավարական հաղորդակցության և Մասնակցային կառավարման ուղղությունները։

 

Մասնավորապես, հանդիպմանը մասնակցել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը, ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Ջոն Ալեյոն, ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նիլս Սքոթը, ՄԱԿ Զարգացման ծրագրի ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Շվեյցարիայի համագործակցության գրասենյակի տեղակալ Վերներ Թութը, Զարգացման ֆրանսիական Գործակալության հայաստանյան ծրագրի պատասխանատու Լիզ Էնեզյանը և միջազգային այլ գործընկերներ:

 

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նշել է, որ գործադիրի նպատակն է նոր ազդակ հաղորդել Հանրային կառավարման բարեփոխումներին, որոնք իրականացվում են նաև միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցությամբ: Արայիկ Հարությունյանը նշել է, որ վեր են հանվել ռազմավարական հաղորդակցության և մասնակցային կառավարման ոլորտներում առկա բացթողումները, խնդիրները. առաջիկա քայլերն ուղղված են լինելու դրանց լուծումների հստակեցմանը: Վարչապետի աշխատակազմի ղեկավարն առանձնակի կարևորել է պետական կառավարման համակարգի տեղեկատվական միասնական քաղաքականության մշակումն ու իրականացվող բարեփոխումների հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացումը:

 

ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը և միջազգային մյուս գործընկերներն իրենց աջակցությունն են հայտնել

Հանրային կառավարման բարեփոխումների, այդ թվում՝ ռազմավարական հաղորդակցության և մասնակցային կառավարման բարեփոխումների արդյունավետ իրականացմանը: Տիկին Վիկտորինն ընդգծել է, որ Եվրոպական միությունը շարունակելու է սերտ փոխգործակցությունը ՀՀ կառավարության հետ՝ ի նպաստ պետական կառավարման արդյունավետության, հանրային հաղորդակցության մակարդակի բարձրացման և վերը նշված ուղղություններով առկա խնդիրների լուծման: