Բացել լրահոսը Փակել լրահոսը
պետքարտուղարություն
A A
Քաղաքականություն

Պետքարտուղարությունը կոչ է անում ՀՀ-ին ու Ադրբեջանին համաձայնության գալ սահմանից ուժերի հեռացման շուրջ, ինչպես քննարկվել էր Բլինքենի հետ

ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքել է մայիսի 11-ին հայ-ադրբեջանակայն սահմանային գոտում արձանագրված ռազմական բախումներին, հայտնում է Ամերիկայի ձայնը։

ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Փաթելը, պատասխանելով լրագրողների հարցերին` կապված մայիսի 11-ին Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին ռազմական բախումների հետ, կոչ է արել կողմերին մայիսի 14- ին Բրյուսելում կայանալիք հանդիպման ժամանակ համաձայնության գալ սահմանի երկայնքով ուժերի հեռացման վերաբերյալ: ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչն ասել է.

«Գտնում ենք, որ այս տեսակի բռնությունները խաթարում են Հայաստանի և Ադրբեջանի առաջընթացը դեպի կայուն և արժանապատիվ խաղաղություն: Մենք կոչ ենք անում այս երկու երկրների ղեկավարներին Բրյուսելում մայիսի 14-ի հանդիպման ժամանակ համաձայնության գալ սահմանի երկայնքով իրենց ուժերի հեռացման շուրջ, ինչպես քննարկվել է պետքարտուղար Բլինքենի հետ կողմերի մասնակցությամբ բանակցություններում, որոնք մենք հյուրընկալել էինք այստեղ՝ Վաշինգտոնում, մայիսի սկզբին»,- ասել է փոխխոսնակը:

Լրագրողի այն հարցին, թե արդյոք ԱՄՆ դիտարկում է գալիք բանակցությունները Բրյուսելում որպես վաշինգտոնյան բանակցությունների շարունակություն, ամերիկացի դիվանագետը պատասխանեց.

«Մենք դիտարկում ենք այն երկխոսությունը, որը հյուրընկալեցինք այստեղ, որպես կարևոր դրական քայլեր: Մենք զգացել ենք, որ երկու երկրները հնարավորություն ունեն ներգրավվելու որոշ ծանր հարցերի շուրջ, ընկալելու միմյանց տեսակետները: Հավատացած ենք՝ երկարատև առաջընթացի ուղին կլինի շարունակական: Կարծում ենք, որ առկա է խաղաղ կարգավորում խնդիրներին: Ահա թե ինչու մենք՝ պետքարտուղարից մինչև ստորին օղակի դիվանագետներ, շարունակել ենք այդքան խորապես ներգրավված լինել այս հարցում: Ես, սակայն, չեմ պատրաստվում առաջ ընկնել այս բանակցություններից»,- հայտնել է Վեդանտ Փաթելը:

Փոխխոսնակը պատասխանեց նաև հայ-ադրբեջանաան հակամարտության շուրջ Ռուսաստանի դիրքորոշման մասին հարցին, ուր նշվեց, որ ՌԴ ԱԳՆ-ի խոսնակն այսօր կասկածի տակ է դրել պետքարտուղարի լավատեսությունը Վաշինգտոնի հանդիպման արդյունքների վերաբերյալ ու մատնանշել, որ եռակողմ համաձայնությունից դուրս գործընթացը տապալված է:

«Ես շատ ժամանակ չեմ ծախսում մտածելու, թե ինչ է ասում իմ ռուս գործընկերն իր ամբիոնից: Կարող եմ ասել միայն այն, որ պետքարտուղարությունը կշարունակի խորապես ներգրավված մնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության այս շատ կարևոր խնդրի կարգավորմանը: Մենք կարծում ենք, որ կա հստակ ուղի՝ առաջ շարժվելու համար։ Ուրախ ենք, որ մայիսի սկզբին հնարավորություն ունեցանք հյուրընկալելու այս երկու երկրներին: Մենք կարծում ենք, որ այդ բանակցություններն արդյունավետ էին և հիմք դրեցին այս բանակցությունների շարունակությանը: Մենք կնպաստենք այդ գործընթացի հաջող ընթացքին»,- ասել է Փաթելը՝ ընդգծելով, որ չունի որևէ տեղեկություն, թե արդյոք պետքարտուղարը պատրաստվում է զանգահարել կողմերին: