Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_DAV_0149
A A
Պաշտոնական

Ընդգծվել է տարածաշրջանային անվտանգության եւ կայունության ամրապնդմանն ուղղված քայլերի կարեւորությունը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 11-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի տարածաշրջանային քաղաքականության եւ ինքնակառավարման հանձնաժողովի նախագահ Կախա Կախիշվիլիի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը քննարկվել են երկու խորհրդարանների միասնական օրակարգին առնչվող ընթացիկ հարցեր: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ վերջին շրջանում ակտիվ համագործակցություն է ծավալվում մեր երկրների խորհրդարանների մշտական հանձնաժողովների միջեւ: Անդրադարձ է եղել Թբիլիսիում օրերս տեղի ունենալիք արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների համատեղ անդրանիկ նիստին եւ մայիսի երկրորդ կեսին Վրաստանի խորհրդարանի ոլորտային տնտեսության ու տնտեսական քաղաքականության հանձնաժողովի պատվիրակության՝ Երեւան այցին:

ՀՀ ԱԺ նախագահը փաստել է, որ հայկական կողմը մեծ նշանակություն է տալիս ապակենտրոնացված համագործակցությանը:

Խոսելով Վրաստանի հայկական համայնքից՝ Կախա Կախիշվիլին նշել է, որ խորհրդարանում ներկայացնում է հայությամբ խիտ բնակեցված շրջանը եւ ծանոթ լինելով հայ համայնքին հուզող հարցերին՝ խորհրդարանական գործունեության շեշտը դնում է հայ-վրացական հարաբերությունների ամրապնդման ու բազմոլորտ համագործակցության զարգացման վրա: Նա կարեւորել է տնտեսական, մշակութային շփումները՝ նշելով, որ բարիդրացիական ամուր կապերը խթանելու եւ զարգացնելու առաքելություն է վերագրված հայ եւ վրացի պաշտոնյաներին:

Զրույցի ընթացքում ընդգծվել է տարածաշրջանային անվտանգության եւ կայունության ամրապնդմանն ուղղված քայլերի կարեւորությունը՝ արձանագրելով, որ Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունների բարձր մակարդակը Հարավային Կովկասում անվտանգության ապահովման կարեւոր գործոններից է: