Բաքուն ու Երևանը երրորդ օրն է շարունակում են բանակցել Վաշինգտոնում
Աջակցիր «Ա1+»-ինԱրդեն երրորդ օրն է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները բանակցում են Վաշինգտոնում: Հայտնում է amerikayidzayn.com-ը։
ԱՄՆ հավատարիմ է մնում Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ ապագան խթանելուն, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Փաթելը՝ մայիսի 3-ին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում պատասխանելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող բանակցային գործընթացի մասին հարցին: Պետքարտուղարոթյան ներկայացուցիչը շեշտում է՝ ուղիղ երկխոսությունն առանցքային է կայուն խաղաղությանը հասնելու համար, որն ըստ նրա՝ հնարավոր է այս երկու պետությունների միջև։
Փոխխոսնակը հրաժարվել է որևէ այլ տեղեկություն տրամադրել այս առիթով՝ հաշվի առնելով, որ բանակցությունները ընթացքի մեջ են, սակայն ընդգծել միայն, որ Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն շարունակում է խորապես ներգրավված լինել գործընթացում:
Հիշեցնենք, որ արդեն երրորդ օրն է Վաշինգտոնում ընթանում են հայ-ադրբեջանական բանակցությունները, որոնք շարունակվել են նաև այսօր: Որոշ աղբյուրների համաձայն, դրանք կամփոփվեն վաղը մայիսի 4-ին, որի ձևաչափի մասին դեռևս չկա վերջնական տեղեկատվություն: Ըստ ադրբեջանական «Թուրան» գործակալության՝ չի բացառվում, որ արտգործնախարարներ Միրզոյանի և Բայրամովի վաղվա ամփոփիչ բանակցություններին մասնակցի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։