Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դիկ Ադվոկատը բաց ֆուտբոլ է ակնկալում

Սպորտ
7a22dcb24ad10025a4ad5b749e3f004d

Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը այսօր Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում կազմակերպված մամուլի ասուլիսին ասաց, որ բաց, հարձակողական ֆուտբոլ է սպասում մարտի 26-ին կայանալիք Եվրո-2012-ի Հայաստան - Ռուսաստան ընտրական խաղում:

«Հայաստանի հավաքականը սիրում է իր դաշտում գրոհել: Մենք նույնպես ձգտում ենք հարձակողական ֆուտբոլ ցուցադրել բոլոր խաղերում: Համոզված եմ, որ կողմերը պայքարելու են միմիայն հաղթանակի համար, ուստի կաշխատեն իրենց բախտը փնտրել մրցակցի տուգանային հրապարակի մերձակայքում»,-ասաց նա:

Գնահատելով մրցակից թիմին, հոլանդացի մասնագետն ասաց, որ Հայաստանի հավաքականը անցած տարի երեք խաղ է անցկացրել իր դաշտում, եւ բոլորում էլ ցույց է տվել դիտարժան եւ որակյալ ֆուտբոլ:

Սակայն. Դիկ Ադվոկատը, այնուամենայնիվ, հավատում է իր սաների հաջողությանը: «Հավաքական հրավիրված բոլոր 23 ֆուտբոլիստներն էլ գտնվում են նորմալ մարզավիճակում եւ պատրաստ են խաղին: Ոչ մեկին չեմ ուզում առանձնացնել: Ես, ընդհանուր առմամբ, գոհ եմ թիմից»:

Դիկ Ադվոկատը վերջում նշեց, որ ժամանակակից ֆուտբոլում թույլ մրցակիցներ չկան, ուստի շատ ուրախ կլինի, եթե իր թիմը 2:1 հաշվով համեստ հաղթանակ տանի: