«Առանց որակյալ խաղի արդյունք չի լինում» (տեսանյութ)
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Ռուսաստանի ընտրանու հետ խաղից առաջ կազմակերպած մամուլի ասուլիսին նշեց, որ իր տրամադրության տակ գտնվող բոլոր 21 ֆուտբոլիստները թե ֆունկցիոնալ, եւ թե հոգեբանական առումով պատրաստ են առաջիկա հանդիպմանը: «Այս պահին խաղացողների մարզավիճակը լավ է: Ամենակարեւորն այն է, որ բոլորը առողջ են եւ ոչ ոք վնասվածք չունի»:
Վարդան Մինասյանը խոսելով մեր հավաքականի շանսերի մասին այդ խաղում, ասաց, որ իրեն ավելի շատ հետաքրքրում է ոչ թե հանդիպման հաշիվը, այլ թիմի ցուցադրած ֆուտբոլի որակը.
«Ես ուզում եմ, որ մեր թիմը առաջին հերթին լավ խաղ ցուցադրի: Եթե խաղի որակը լավ լինի, ապա ինքնին կգան նաեւ հաղթանակներ»:
«Ա1+»-ի մարզական լրագրողի այն հարցին, արդյոք ֆուտբոլիստներին առաջադրանք է տրվելու ցուցադրել գեղեցիկ ֆուտբոլ եւ չմտածել վերջնական արդյունքի մասին, Վարդան Մինասյանը պատասխանեց. «Ոչ, բայց մեր համար առաջին պլանում լինելու է հենց խաղի որակը: Առանց դրա բարձրացման եւ կատարելագործման հնարավոր չէ դրական արդյունքներ ակնկալել»: