Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նատալյա Ռոտենբերգ
A A
Հասարակություն

Լոնդոնի բարձր դատարանը Նատալյա Ռոտենբերգին ձերբակալելու որոշում է կայացրել

Լոնդոնի բարձր դատարանը հասարակական, քաղաքական գործիչ Նատալյա Ռոտենբերգին ձերբակալելու որոշում է կայացրել, քանի որ նա հրաժարվել է վճարել ամուսնալուծության գործով փաստաբաններին, ինչպես նաև չի ներկայացել դատարան:

Այս մասին հայտնել է բրիտանական The Telegraph պարբերականը՝ հիշեցնելով, որ նա նախկինում եղել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմ ընկերոջ, ձյուդոյի «սփարինգի» ընկեր, օլիգարխ Արկադի Ռոտենբերգի կինը:

Նշվում է, որ Նատալյա Ռոտենբերգը (ներկայում ամուսնացած է քաղաքական գործիչ Տիգրան Արզաքանցյանի հետ-Tert.am) վեճի մեջ է Candey իրավաբանական ընկերության հետ, որի փաստաբաններին չի վճարել մատուցված համապատասխան ծառայությունների համար: Այժմ Candey-ն նրանից պահանջում է 11 500 ֆունտ ստերլինգ: 

Լոնդոնի բարձր դատարանում ասվել է, որ տիկին Ռոտենբերգն անտեսել է այն բոլոր նամակաները, էլեկտրոնային հաղորդագրություններն ու WhatsApp հավելվածով ուղարկված հաղորդագրությունները, որոնցում իրենից պահանջել են ներկայանալ դատարան: Ինչպես նշել են իրավաբանական ընկերությունում, Ռոտենբերգը որևէ կերպ չի արձագանքել իր հետ կապ հաստատելու փորձերին։

The Telegraph-ը մանրամասնում է, որ նախորդ երկու լսումներին (նոյեմբերին և մարտին) չներկայանալու համար դատավոր Էնդրյու Ռիչին Ռոտենբերգին արդեն դատապարտել էր 21-օրյա ազատազրկման, սակայն կինը հնարավորություն է ունեցել խուսափելու ազատազրկումից, եթե դատական նիստին ներկայանար նախորդ հինգշաբթի՝ ապրիլի 20-ին։ Սակայն այդ օրը նորից դատարան չներկայանալու պատճառով դատարանը վճռել է, որ Նատալյա Ռոտենբերգը պետք է վճարի բոլոր ծախսերը, ինչպես նաև կարգադրել է, որ Ռոտենբերգի ձերբակալության օրդեր տրվի: