Լեւոն Արոնյանը հաղթեց նաեւ Թոփալովին
Հայաստանի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը լավ հայտ ներկայացրեց Մոնակոյում տեղի ունեցող «Ամբերի» վերջին մրցաշարում հաղթելու համար:
Նախավերջին, 10-րդ տուրում, նրա մրցակիցը աշխարհի եւս մեկ նախկին չեմպիոն Վեսելին Թոփալովն էր: Կույր շախմատի պարտիայում սեւերով խաղացող Լեւոն Արոնյանը երկարատեւ պայքարում կարողացավ պարտության մատնել մրցակցին եւ առաջ անցնել հաշվի մեջ` 1:0: Արագ շախմատի պարտիայում նա չնայած նյութական առավելություն ստացավ, սակայն բավարարվեց ոչ-ոքի արդյունքով:
Հաղթելով 1,5:0,5 հաշվով` Լեւոն Արոնյանը վաստակեց 14,5 միավոր եւ պահպանեց առաջատարի իր դիրքը: Երկրորդ տեղում գտնվող Մագնուս Կառլսենը այս տուրում նույն հաշվով հաղթեց ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկին: Նորվեգացի շախմատիստն վաստակեց 13,5 միավոր եւ շարունակում է միայնակ հետապնդել միանձնյա առաջատարին:
Մարտի 24-ին կայանալիք վերջին` 11-րդ տուրում, Լեւոն Արոնյանը կմրցի ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ: