Փաստ չի, որ Սիսիանում ձերբակալված ադրբեջանցին ցանկանում է վերադառնալ Բաքու. Փաշինյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ ՀՀ տարածքում հայտնաբերված ու ձերբակալված ադրբեջանցի զինծառայողների դեպքին ու այն հարցին՝ կա արդյոք գործընթաց նրանց Ադրբեջանում պահվող գերիների հետ փոխանակելու ուղղությամբ։
«Կատարված քննչական գործողությունների արդյունքում ակնհայտ է, որ Ադրբեջանի բանակի զինվորը իր ծառայակցի հետ ուղղակի փախուստի է դիմել իրենց դիրքերից՝ մյուս համածառայակիցների կողմից ճնշումների ու նվաստացումների ենթարկվելու պատճառով։ Ամենևին փաստ չէ, որ նա ցանկանում է վերադառնալ Ադրբեջան։ Միջազգայնորեն ստանձնած մեր պարտավորություններով, եթե անձը չի ցանանում վերադառնալ, մենք բռնի ձևերով չենք կարղ նրան վերադարձնել։ Ըստ մեր ունեցած տվյալների՝ երկորրդ զինվորը, որը մինչև հիմա փնտրվում է, սահմանը հատելուց շատ չանցած, սահմանամերձ գյուղում ասել է, որ փոշմանել է և ուզում է վերադառնալ»,- ասաց Փաշինյանը։
Նա անդրադարձավ նաև այն հարցին՝ ինչպես են ադրբեջանցի զինվորները անարգել հատել սահմանը ու հայտնվել հայկական կողմում։
«Ես ուզում եմ ձեզ հիշեցնել մարտին տեղի ունեցած մի դեպք, երբ ՀՀ ԶՈՒ զինծառայողը մոլորվել էր ու մեկ ամբողջ օր նրա գտնվելու վայրը անհայտ էր, ապա 24 ժամ անց վերադարձավ։ Երբ դիտարկում ենք նրա մոլորվելու վայրը, պարզվել է, որ նա շատ երկար կիլոմետրեր է կտրել ու ադրբեջանական շուրջ 20 դիրքերի արանքով եկել վերադարձել է Հայաստան։ Ըստ ամենայնի, նա հետախուզական առանձնահատուկ հմտություննե է ունեցել։ Նկատի ունեմ՝ տեղանքի առանձնահատկություններից ու կտրտվածություններից ելնելով՝ կարող է այդպիսի դեպք լինել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։