Բացել լրահոսը Փակել լրահոսը
ներկայացուցիչների պալատ
A A
Քաղաքականություն

Ներկայացուցիչների պալատի շուրջ 7 տասնյակ անդամներ կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնությունը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 69 անդամներ՝ երկու կուսակցություններից, հերթական անգամ հանդես են եկել Ադրբեջանին ռազմական օգնությունը դադարեցնելու և Արցախին ու Հայաստանին 150 միլիոն դոլարի օգնություն ուղարկելու կոչով: Այս մասին տեղեկանում ենք Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի տարածած հաղորդագրությունից։

Նախաձեռնությունը ղեկավարում է Կոնգրեսի հայկական հանձնախմբի հիմնադիր համանախագահ Ֆրենկ Փալոնը:

Ներկայացուցիչների պալատի անդամները նամակ են հղել Պետական արտաքին գործառնությունների գծով հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ Մարիո Դիաս Բալարտին և ենթահանձնաժողովի բարձրաստիճան անդամ Բարբարա Լիին, որոնք արդեն սկսել են 2024 ֆինանսական տարվա արտաքին օգնության մասին օրինագծի՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի տարբերակի մշակումը:

«ԱՄՆ-ի շարունակական ռազմական օգնությունն Ադրբեջանին իրենից ներկայացնում է «անցաթուղթ» ադրբեջանական ագրեսիայի համար, կանաչ լույս ադրբեջանական էսկալացիայի համար: Դա պետք է դադարեր նախագահ Բայդենի պաշտոնավարության հենց առաջին օրը. նա պաշտոնը ստանձնեց՝ որպես Ալիևին զինելու և օգնելու սուր քննադատ: Բայց եթե մեր նախագահը չանի այն, ինչի ճիշտ է, ապա Կոնգրեսը պետք է գործի», - ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի տնօրեն Արամ Համփարյանը։