
Ադրբեջանը ծանրամարտի Եվրոպայի երևանյան առաջնությանը մասնակցելու հայտ է ներկայացրել
Աջակցիր «Ա1+»-ինԾանրամարտի Եվրոպայի ֆեդերացիան հրապարակել է ապրիլ ամսին Երևանում կայանալիք աշխարհամասի առաջնության նախնական հայտացուցակները։
Ինչպես տեղեկացնում է ֆեդերացիայի պաշտոնական կայքը, մասնակիցների վերջնական ցանկը կհրապարակվի մարտի 31-ին, երբ կլրանա վերջնաժամկետի վերջին օրը։ Իսկ այս պահին առաջնությանը հայտ են ներկայացրել 42 երկրներ։ Դրանց թվում է նաև Ադրբեջանը, որը հայտավորել է 6 ծանրորդ, որոնցից երկուսը նույն քաշային կանայք են։ Մեր հարևան Վրաստանը նախապես հայտավորել է 21 մարզիկ-մարզուհի, որոնց թվում է նաև աշխարհի բազմակի չեմպիոն, գերծանր քաշային Լաշա Թալախաձեն։
Բավական մեծ կազմ են ներկայացրել նաև Ռուսաստանն ու Բելառուսը՝ միասին 65 հոգի։ Սակայն այդ երկրների մասնակցությունը կախված է Միջազգային օլիմպիական կոմիտեի անմիջական որոշումից։
Ինչևէ, Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը բավական կարևոր նշանակություն ունի, քանի որ այն նաև օլիմպիական վարկանիշ է տալիս։
Այսօր Հյուսիսային պողոտայում ազդարարվել է Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնության հետհաշվարկի ժամացույցի մեկնարկը. առաջնության մեկնարկին մնացել է 29 օր: