Բանն ամենևին էլ Ռուսաստանը չէ, այլ «հաղորդակցությունները բացելու» ՀՀ իշխանության՝ Ադրբեջանի հետ Արևմուտքում ստորագրված արձանագրությունը․Զատուլին
Աջակցիր «Ա1+»-ինՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն իր Telegram-ալիքում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի ասուլիսի այն հատվածին, որտեղ խոսում էր մի շարք անձանց, այդ թվում՝ Զատուլինի մուքտը Հայաստան արգելելու մասին։
«Երեկ ՀՀ վարչապետ Փաշինյանը հարկ համարեց մեկնաբանել Հայաստան անցանկալի հայրենակիցների և Հայաստանի բարեկամների մուտքը արգելելու իր գործունեությունը։ Նրան հարցրեցին Մարգարիտա Սիմոնյանի Արամ Գաբրելյանովի, իմ և անհայտ թվով անձանց արգելքի մասին, որոնց ցուցակը չի հրապարակվել։
Պարոն Փաշինյանը ստեց, որպես ավանդույթ։ Ստացվում է, որ «նրանք», այսինքն՝ մենք, չէին կարողանա «առանց վիզայի նույնիսկ մտնել իրենց հայրենիքի տարածք», եթե հայրենիքի (Ռուսաստանի) հանդեպ անեին «առնվազն 1 տոկոսն այն ամենի, ինչ են արել են Հայաստանի հանդեպ»։
Իսկ ի՞նչ են արել «նրանք», այսինքն՝ մենք։
Ես հայ չեմ և Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեմ և երբեք չեմ եղել։ Բայց իմ հասարակական, քաղաքական և խորհրդարանական գործունեության ավելի քան երեսուն տարիների ընթացքում հանդես եմ եկել պատմական հիշողության, ռուս և հայ ժողովուրդների բարեկամության, հենց Հայաստանի կողմից չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը սատարելու օգտին։ Օրինակ, 1995 թվականին դարձել եմ Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի ցեղասպանությունը ՌԴ կողմից ճանաչելու բանաձևի հեղինակ։ 2018 թվականին ստեղծել եմ ռուս-հայկական «Լազարևյան ակումբը», կազմակերպել Լեռնային Ղարաբաղի բնակչության պատվաստումը կորոնավիրուսի դեմ 2021 թվականին։ Եվ այլն:
Ես Հայաստանում շատ ընկերներ ունեմ, բայց, վարչապետի կարծիքով, սխալ մարդկանց հետ եմ ընկերություն անում։ Ի դեպ, արդեն անցյալ տարի արգելքից հետո նա ինձ մոտ է ուղարկել ՀՀ ներկայիս դեսպանին՝ հուսալով «պարտադրել ընկերություն անել նրանց հետ», ում հետ անհրաժեշտ է։ Խե՜ղճ դեսպան։ Բայց այն ամենը, ինչ երեկ հնչեց ՝ «ոմանց», այսինքն իմ հանդեպ Փաշինյանի պահանջների ցանկում, ինչ-որ զառանցանք է, որ «ոմանք» Հայաստանի կառավարությունից պահանջում են կատարել միջանցք տրամադրելու իր խոստումները։
Պարզություն մտցնեմ։ Անցյալ տարի փաշինյանական քարոզիչների ստերից զոմբիացած մի լրագրող ինձ հեռախոսով հարց տվեց. «Ինչո՞ւ է Ռուսաստանը պահանջում Հայաստանից Ադրբեջանին Զանգեզուրի միջանցք տրամադրել»։ Ստիպված էի ասել, որ բանն ամենևին էլ Ռուսաստանը չէ, նրան պետք չէ որևէ միջանցք Թուրքիայի և Ադրբեջանի միջև, այլ «հաղորդակցությունները բացելու» Հայաստանի ներկայիս իշխանության որոշ խոստումները, մասնավորապես, Ադրբեջանի հետ Արևմուտքում ստորագրված արձանագրությունը։ Այսինքն՝ մեզ մի դիմեք ինչ-որ միջանցքների հարցով։ Ահա այսքանը: Պետք է ապուշ կամ Փաշինյան լինես, որ այս հիմքով պնդես, թե Հայաստանի կառավարությունից պահանջում եմ միջանցք բացել իր տարածքով։
Իմ նկատմամբ Նիկոլ Փաշինյանի հակակրանքի իրական պատճառը նույնն է, ինչ մյուսների նկատմամբ։ Նիկոլը կարծում է, որ «Հայաստանը ես եմ»։ Դե, Լյուդովիկոս 14-րդը գոնե ինչ-որ հիմքեր ուներ։ Որո՞նք են Փաշինյանի հիմքերը։
Ինչպես հայտնի է, նա հայտարարեց. «Լեռնային Ղարաբաղը Հայաստան է, և վերջ»․ Եվ ինչպե՞ս դա ստացվեց նրա մոտ»։