Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+miki 14.03.
A A
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը 50-րդ խաղը կանցկացնի չեմպիոնների լիգայում

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը պատրաստվում է չեմպիոնների լիգայի հերթական հանդիպմանը:

Հայ ֆուտբոլիստի թիմը՝ Միլանի «Ինտերը», չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի պատասխան խաղում այսօր կհանդիպի պորտուգալական «Պորտուի» հետ: Երկու շաբաթ առաջ կայացած առաջին խաղում 1:0 նվազագույն հաշվով հաղթել էր իտալական ակումբը:

Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է թիմի նախնական կազմում: Նա «Ինտերի» այն 5 ֆուտբոլիստներից մեկն է, որոնք մասնակցել են չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշարի բոլոր 7 հանդիպումներին:

Ընդհանուր առմամբ Հենրիխ Մխիթարյանը չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում և փլեյ-օֆֆում անցկացրել է 49 հանդիպում, որոնցում դարձել է 6 գոլի հեղինակ: Այսօր նա կանցկացնի 50-րդ հոբելյանական խաղը:

Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում մեր ֆուտբոլիստը հանդես է գալիս 5-րդ անգամ: Նախկինում նա իր թիմերի հետ երկու անգամ մտել է քառորդ եզրափակիչ, սակայն հաղթահարել այդ արգելքը չի հաջողվել:

Հարկ է նշել, որ Հենրիխ Մխիթարյանը 4-րդ անգամ է խաղալու պորտուգալական «Պորտուի» դեմ: Նախորդ երեքում նրա թիմերը հաղթանակ են տարել, ընդ որում «չոր» հաշվով՝ 2:0, 1:0, 1:0:

«Պորտու» - «Ինտեր» պատասխան խաղը կմեկնարկի ուղիղ կեսգիշերին: Այն կարող եք դիտել նաև «Ա1+» կայքում: