Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՀՀ ԵՄ
A A
Պաշտոնական

ԵՄ-Հայաստան Քաղաքացիական հասարակության պլատֆորմի երկրորդ հանդիպումը

Այսօր՝ մարտի 10-ին, Երեւանում կայացել է Եվրամիության եւ Հայաստանի միջեւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով (ՀԸԳՀ) նախատեսված Քաղաքացիական հասարակության պլատֆորմի երկրորդ հանդիպումը։

Հանդիպմանը բացման խոսքով հանդես են եկել Պլատֆորմի համանախագահողներ Լուսինե Հակոբյանը եւ Իոնուտ Սիբիանը։

ՀԸԳՀ իրականացման վերաբերյալ իրենց գնահատականներն են ներկայացրել Հայաստանի Արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչությանպետ Արա Մարգարյանը, Եվրոպական հանձնաժողովի՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի եւ Արեւելյան գործընկերության համակարգման բաժնի ղեկավար Դեյվիդ Քալլենը, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Վրաստանի, Մոլդովայի, Հայաստանի, Ադրբեջանի եւ Բելառուսի բաժնի ղեկավար Դորոտա Դլաուչի-Սուլիգան։

Պլատֆորմի համանախագահող Լուսինե Հակոբյանը, ինչպես նաեւ Պլատֆորմի անդամներ Գագիկ Մակարյանը (Գործատուների հանրապետական միություն) եւ Տիրուհի Նազարեթյանը (Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիայի փոխնախագահ) ներկայացրել են, թե ինչ քայլեր է ձեռնարկել Պլատֆորմը՝ Հայաստանի իշխանությունների կողմից ՀԸԳՀ իրականացման մշտադիտարկման ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել նաեւ «Հայաստանի առջեւ ծառացած անվտանգային մարտահրավերների ազդեցությունը ՀԸԳՀ իրականացման վրա» խորագրով քննարկում, որին մասնակցել են Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանի փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը եւ «Եվրասիա համագործակցության հիմնադրամ»-ի ներկայացուցիչ Միքայել Հովհաննիսյանը։

 

Հանդիպման արդյունքում Պլատֆորմը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորեւ։

ՀԸԳՀ իրականացման վերաբերյալ Քաղհասարակության պլատֆորմի ադամները․

-Արձանագրում են, որ ՀԸԳՀ իրականացման հարցում ԵՄ-Հայաստան քաղհասարակության երկկողմ Պլատֆորմի հիմնական գործառույթներն են՝ ոլորտային փորձագիտական խորհրդատվությամբ մասնակցությունը Համաձայնագրի կիրարկման գործընթացին, Համաձայնագրով նախատեսված բարեփոխումների թափանցիկության եւ հաշվետվողականության ապահովումը, ինչպես նաեւ, ՀԸԳՀ շրջանակներում եւ ընդհանրապես՝ ՀՀ-ԵՄ համագործակցությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ հասարակության տեղեկացվածության բարձրացումը։

-Ընդգծում են, որ Պլատֆորմի գործառույթների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է արդյունավետ հաղորդակցություն քաղհասարակության, Հայաստանի կառավարության եւ Եվրամիության միջեւ, ինչպես նաեւ ջանքերի մեկտեղում՝ Համաձայնագրով ուղենշված նպատակներին հասնելու համար։

-Ընգծում են, որ գործընթացին մասնակցող քաղհասարակության անդամները ՀԸԳՀ-ն դիտարկում են ոչ միայն որպես երկու գործընկերների միջեւ շրջանակային համաձայնագիր, այլեւ՝ որպես Հայաստանի ժողովրդավարացման եւ զարգացման հզոր խթան։

-Ողջունում են կառավարության՝ ՀԸԳՀ-ով նախատեսված գործունեության պլանավորման, իրականացման եւ մշտադիտարկման գործընթացին քաղհասարակության ներգրավման մտադրությունը, եւ պատրաստակամություն են հայտնում հարթակ հանդիսանալու քաղհասարակության տարբեր կազմակերպությունների համար՝ իրենց գիտելիքներով եւ փորձով նպաստելով գործընթացին։

-Հույս են հայտնում, որ Քաղհասարակության պլաատֆորմի եւ Կառավարության միջեւ ձեւավորված նախնական հաղորդակցությունն աստիճանաբար կհամակարգվի եւ կլրացվի օպերատիվ հաղորդակցության մեխանիզմներով, որոնց միջոցով կփոխանցվեն եւ հաշվի կառնվեն քաղհասարակության խորհրդատվությունը, կարծիքները եւ առաջարկությունները։

-Ակնկալում են, որ հաղորդակցության նման ինստիտուցիոնալ միջոցները կաշխատեն փոխադարձությամբ, եւ որ քաղհասարակությունը կստանա հետազոտություններ, մշտադիտարկում, տեղեկացվածության բարձրացմանն առնչվող այլ գործողություններ իրականացնելու հայտեր։

-Ընդգծում են, որ ցանկացած երկրի արդյունավետ եւ կայուն ժողովրդավարացումն ու զարգացումը հնարավոր է միայն խաղաղության եւ կայունության պայմաններում։ Այդ կապակցությամբ, անհրաժեշտ է զերծ մնալ ռազմական գործողություններից (ինչպիսիք էին 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ոտնձգությունները Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ) եւ ցանկացած ագրեսիվ խոսույթից, քանի որ դրանք ոչ միայն չեն նպաստում խաղաղությանը, այլեւ՝ ճանապարհ են բացում հետագա բռնությունների համար։ Կարեւոր է նաեւ, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը՝ ներառյալ ինքնորոշման իրավունքը, ամբողջությամբ հաշվի առնվեն՝ հակամարտությունն՝ ի շահ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների, համապարփակ եւ կայուն կարգավորելու համար։ Ի հեճուկս մարտահրավերներին` Հայաստանը պետք է շարունակի ԵՄ-ի հետ ինտեգրվելու և ԵՄ-ի կանոնները և հիմնական սկզբունքները հարգելու իր ուղին:

-Վերոշարադրյալի լույսի ներքո՝ ողջունում են Եվրամիության առաքելության տեղակայումը Հայաստանում, եւ կոչ են անում եվրոպացի գործընկերներին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը նպաստելու համար, պահանջել Միջազգային դատարանի որոշումների կատարումն ու հաստատակամորեն խոսել Լեռնային Ղարաբաղի հայերի խաղաղ գոյակցության իրավունքից։

Կոչ են անում Ադրբեջանին եւ մյուս կողմերին, համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից բխող պարտավորությունների, դադարեցնել Լաչինի միջանցքով տեղաշարժի արգելափակումը:

 

ԵՄ-Հայաստան քաղհասարակության Պլատֆորմը Հայաստանի եւ Եվրամիության միջեւ 2017-ին ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շրջանակներում ստեղծված մարմիններից մեկն է։

Այն հնարավորություն է տալիս երկու կողմերի քաղհասարակության կազմակերպություններին վերահսկել Համաձայնագրի իրականացման գործընթացն ու համապատասխան մարմիններին տրամադրել խորհրդատվություն։