Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+liga 9.03.
A A
Սպորտ

Մեսին ավարտում է ելույթները, Մարիուն կրկնում է Էյսեբիոյի ռեկորդը. Չեմպիոնների լիգա

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում կայացան 1/8 եզրափակիչ փուլի պատասխան առաջին խաղերը:

Նախ Լիսաբոնի «Բենֆիկան» սեփական դաշտում հաղթեց «Բրյուգեին» 5:1, և ընդհանուր հաշիվը դարձրեց 7:1: Պորտուգալացիները տարան ամենախոշոր հաշվով հաղթանակը մրցաշարում: Ժոաու Մարիուն աչքի ընկավ 5-րդ անընդմեջ խաղում և կրկնեց լեգենդար Էյսեբիոյի ռեկորդը:

Բելգիական ակումբը այդ պարտությունից հետո անմիջապես հեռացրեց թիմի գլխավոր մարզիչ Սկոտ Պարկերին: Անգլիացի մասնագետը «Բրյուգեի» ղեկին անցկացրել է ընդամենը 12 խաղ, որոնցից միայն երկուսում է կարողացել հաղթել մրցակցին:

Այնուհետև Լոնդոնի «Չելսին» իր հարկի տակ 2:0 հաշվով ռևանշի հասավ Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ: Անգլիացիները վճռորոշ գոլը խփեցին 11մ հարվածով: Գերմանական ակումբն առաջին պարտությունը կրեց 2023 թվականին: «Չելսին» վերջապես հաղթեց գերմանական ակումբին վերջին վեց խաղերում:

Մյունխենի «Բավարիան» սեփական դաշտում երկու անպատասխան գոլ խփեց Ֆրանսիայի չեմպիոն «ՊՍԺ»-ին և հաղթեց ընդհանուր 3:0 հաշվով: Մյունխենցիներն ընթացիկ մրցաշարում տարան 8-րդ անընդմեջ հաղթանակը: Գերմանական ակումբը 21-րդ անգամ մտավ քառորդ եզրափակիչ և թարմացրեց իր իսկ ռեկորդը: Ֆրասնիական ակումբը չեմպիոնների լիգայում երկրորդ անգամ չկարողացավ գրավել իր մրցակցի դարպասը: «ՊՍԺ»-ի հարձակվող Լիոնել Մեսին երրորդ տարին անընդմեջ չի կարողանում իր թիմի հետ հաղթահարել 1/8 եզրափակիչ փուլի արգելքը:

Պատասխան չորրորդ խաղում Լոնդոնի «Տոտենհեմն» իր հարկի տակ ոչ-ոքի՝ 0:0 խաղաց «Միլանի» հետ և ավարտեց ելույթները, քանի որ Իտալիայում պարտվել էր 0:1 հաշվով: Անգլիական ակումբը 2017թ հետո առաջին անգամ սեփական դաշտում գոլազուրկ ոչ-ոքի գրանցեց: «Միլանը» վերջին 11 տարում առաջին անգամ մտավ քառորդ եզրափակիչ փուլ:

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի պատասխան մնացած խաղերը կկայանան մարտի 14-ին և 15-ին: