Բացել լրահոսը Փակել լրահոսը
ցույց-11
A A
Քաղաքականություն

Վրաստանի խորհրդարանը հետ է կանչել օտարերկրյա գործակալների մասին սկանդալային օրինագիծը

Aliq.ge

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության և իրենց շարքերը լքած, հակաարևմտյան շարժում ձևավորած, բայց իրենց արբանյակ համարվող «Ժողովրդի ուժը» շարժումը և խորհրդարանական մեծամասնության քաղխորհուրդը համատեղ հայտարարություն են տարածել:

Հայտարարության մեջ նշել են, որ խորհրդակցություններ են անցկացրել՝ կապված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի շուրջ ընթացող քաղաքական գործընթացների հետ։

Նրանք նշել են, որ իրենց միասնական ուժերով աջակցություն ստացած և ընդունված օրենքի նախագիծը հասարակության շրջանում տարաձայնություններ է հարուցել։ Նրանց խոսքով, «ստի մեքենան» կարողացավ օրինագիծը ներկայացնել բացասական լույսի ներքո և մոլորության մեջ գցել հանրության որոշակի հատվածի։

«Օրենքի նախագծին «ռուսական օրենք» կեղծ պիտակն է տրվել, որի առաջին ընթերցմամբ ընդունումը հանրության մի մասի պատկերացմամբ` շեղում է եվրոպական կուրսից։

Բացի այդ, արմատական ​​ուժերը կարողացել են երիտասարդության մի մասին ներքաշել անօրինական գործողությունների մեջ։ Շնորհակալություն հերոս իրավապահներին, որոնք համբերությամբ և ամենաբարձր չափանիշներով արձագանքեցին բռնությանը։

Մենք պետք է առավելագույնս զգույշ լինենք մեր երկրում խաղաղության, հանդարտության և տնտեսական զարգացման, ինչպես նաև եվրաինտեգրման ճանապարհին Վրաստանի առաջընթացի նկատմամբ։ Ուստի մեր յուրաքանչյուր համաքաղաքացու էներգիան պետք է ծախսել ոչ թե առճակատման, այլ երկրի ճիշտ ուղղությամբ զարգացման վրա։

Հաշվի առնելով վերը նշվածը, որպես հասարակության յուրաքանչյուր անդամի համար պատասխանատու կառավարող ուժ՝ մենք որոշել ենք հետ կանչել մեր կողմից պաշտպանված օրինագիծը՝ առանց նախապայմանների»,- ասված է հայտարարության մեջ։

Ըստ հայտարարության՝ քանի որ հուզական ֆոնը մարում է, իրենք ավելի լավ կբացատրեն հանրությանը, թե ինչի համար էր օրինագիծը և ինչու էր կարևոր Վրաստանում «օտարերկրյա ազդեցության թափանցիկության»ապահովումը։

«Դա անելու համար մենք կսկսենք հանդիպումներ բնակչության հետ և լայն հանրությանը տեղյակ կպահենք խնդրի յուրաքանչյուր մանրուքի մասին ճշմարտությունը:

Մենք գործում ենք այն առանձնահատուկ պատասխանատվությամբ, որը, որպես կառավարող ուժ, պարտական ​​ենք հասարակության յուրաքանչյուր անդամին։

Վրաստանը կպահպանի խաղաղությունն ու կայունությունը և կշարունակի արժանապատվորեն շարժվել դեպի Եվրոպա, ինչը վրաց հասարակության սկզբունքային ընտրությունն է»,- նշված է հայտարարության մեջ։