Բացել լրահոսը Փակել լրահոսը
1105721
A A
Քաղաքականություն

ԵՄ-ն կոչ է անում մանրամասն հետաքննել Արցախում ոստիկանների վրա ադրբեջանական հարձակումը

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության խոսնակ Պետեր Ստանոն անդրադարձել է Արցախում ոստիկանների վրա Ադրբեջանի դիվերսիոն խմբի հարձակմանը:

«ԵՄ-ն ցավում է երեկ ղարաբաղյան շփման գծում բռնկված բռնության համար, որը հանգեցրել է առնվազն հինգ զոհի։ Այս մահացու դեպքի հետ կապված հանգամանքները պետք է մանրամասն հետաքննվեն։ Մենք կոչ ենք անում բոլոր շահագրգիռ կողմերին զսպվածություն ցուցաբերել՝ կանխելու հետագա գործողությունները, որոնք կարող են ավելի խաթարել տարածաշրջանային կայունությունը և սպառնալ խաղաղ գործընթացին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

2023 թվականի մարտի 5-ին ժամը 10։00-ի սահմաններում Ադրբեջանի Հանրապետության զինուժի դիվերսիոն խումբը Արցախի Հանրապետության ներքին վիճակը ապակայունացնելու նպատակով, Արցախի Հանրապետության տարածքում՝ «Ղայբալիշեն» կոչվող տեղանքից արևմուտք ընկած հատվածում, Արմենավան գետի ձախ ափին, իրականացրել է մարդկանց ոչնչացնելուն, նրանց մարմնական վնասվածքներ պատճառելուն, ճանապարհներ և հաղորդակցության միջոցներ, գույք ոչնչացնելուն կամ վնասելուն ուղղված գործողություններ: Կիրառելով տարբեր տրամաչափի զինատեսակներ՝ դիվերսիոն խումբը հարձակվել է նկարագրված տեղանքով անցնող ԱՀ ՆԳՆ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ծառայողական «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վրա՝ ուղղակի դիտավորությամբ, ապօրինաբար կյանքից զրկելով ոստիկանության փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանին, ոստիկանության մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանին և ոստիկանության լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանին, իսկ ոստիկանության լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանին պատճառել է մարմնական վնասվածքներ: