Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արայիկ Հարությունյան նախագահ
A A
Պաշտոնական

Արցախի նախագահը ողջունել է Օլաֆ Շոլցի հայտարարությունը ԼՂ հակամարտությունը նաև ինքնորոշման իրավունքի տեսանկյունից լուծելու վերաբերյալ

 Ստեփանակերտում ողջունում են Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հայտարարությունը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով՝ տարածքային ամբողջականության և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հավասար սկզբունքների հիման վրա:

 «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում թեմայի վերաբերյալ գրառում է արել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Ողջունում ենք Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հայտարարությունը, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով՝ տարածքային ամբողջականության և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հավասար սկզբունքների հիման վրա: Լուծումն անհնար է առանց մեր հիմնարար ու հավաքական իրավունքները հաշվի առնելու»,- գրել է Հարությունյանը:

Բեռլինում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Գերմանիան կարևորում է խաղաղ հանգուցալուծման հասնելը՝ Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև ԼՂ-ի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի տեսանկյունից:  «Մենք մտահոգված ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանին անկայուն և ԼՂ-ում գնալով սրվող հումանիտար իրավիճակով: Ստատուս քվոն չի կարող շարունակվել, և պետք է երկարաժամկետ լուծման հանգել՝ ի բարօրություն մարդկանց: Այս տեսանկյունից անհրաժեշտ է հասնել խաղաղ հանգուցալուծման, Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև ԼՂ-ի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի տեսանկյունից: Ընդ որում, այս բոլոր սկզբունքները հավասարազոր են»,-ասել է կանցլերը: