Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Վարչապետին ներկայացվել է Զբոսաշրջության կոմիտեի 2022թ. գործունեության հաշվետվությունը (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտե, որտեղ ծանոթացել է 2022թ. գործունեության հաշվետվությանը։

Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը, կոմիտեի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք:

Վարչապետին զեկուցվել են իրականացված ծրագրերի գլխավոր արդյունքային ցուցանիշները, ինչպես նաև ընթացիկ և առաջիկա ծրագրերը: Մասնավորապես, ներկայացվել է Հայաստանի զբոսաշրջության ռազմավարության բրենդինգի, ներքին և ներգնա զբոսաշրջության զարգացման, օտարերկրյա պետությունների, տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության, զբոսաշրջային ծառայությունների որակի բարելավման, Համաշխարհային բանկի «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» ուղղությամբ կատարված աշխատանքները:

Նշվել է, որ Հայաստանի զբոսաշրջության ռազմավարության բրենդինգի ուղղությամբ իրականացված միջոցառումների արդյունքում մշակվել է նոր միասնական զբոսաշրջային բրենդ՝ «Armenia, The Hidden Track» կարգախոսով (4 զբոսաշրջային ուղղություններով` մշակութային, բնահենք, արկածային և գաստրո), որի արդյունքում Հայաստանը թիրախավորվում է որպես գրավիչ և հետաքրքիր զբոսաշրջային ուղղություն: Ներքին զբոսաշրջության զարգացման ուղղությամբ իրականացված միջոցառումների արդյունքում ներդրվել է պետության կողմից սոցիալական փաթեթի շրջանակում իրականացվող ծառայությունների համակարգման էլեկտրոնային համակարգ և գրանցվել է ներքին զբոսաշրջության տարեկան 30% աճ:

Ներգնա զբոսաշրջության զարգացման ուղղությամբ ՀՀ մարզերում անցկացվել է 3 փառատոն՝ շուրջ 45000 այցելուով, 4 միջազգային զբոսաշրջային ցուցահանդես՝ 30 կազմակերպության մասնակցությամբ, իրականացվել են Հայաստան ճանաչողական այցեր՝ շուրջ 20 զբոսաշրջային օպերատորների, 10 ԶԼՄ ներկայացուցիչների և հեռուստաընկերությունների մասնակցությամբ, 7 հոդված է տպվել հայտնի ճամփորդական պարբերականներում, գործարկվել է www.armenia.travel պաշտոնական կայքը: Օտարերկրյա պետությունների, տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության խթանման ուղղությամբ իրականցվել է ՄԱԿ ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանային 67-րդ նիստը, որին մասնակցել են շուրջ 40 երկրից 90 մասնակից:

Զբոսաշրջային ծառայությունների որակի բարելավման ուղղությամբ իրականացված միջոցառումների արդյունքում անցկացվել են հյուրընկալության ոլորտի աշխատողների և արկածային զբոսաշրջային ծառայություններ մատուցողների համար վերապատրաստման դասընթացներ: Համաշխարհային բանկի «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» ուղղությամբ իրականացված միջոցառումների արդյունքում վերականգնվել է Գառնի-Լանջազատ ճանապարհը, վերականգնվել է «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանից դեպի Խոսրով անտառ պետական արգելոց 600 մետր ճանապարհը, մշակվել է Արենիի զարգացման հայեցակարգը, վերականգվել է Գորիս համայնքի ժառանգության կենտրոնը, վերականգվել է Գորիսի Վարարակն գետի աջ ափը, վերականգնվել ու բարեկարգվել են Դվինի հուշարձանները: Արդյունքում՝ բարելավվել են ենթակառուցվածքները, ակտիվացել են զբոսաշրջային այցերը, վերականգնվել է պատմական միջավայրը:

Ընթացիկ և առաջիկա ծրագրերի շրջանակում զեկուցվել է, որ իրականացվում են զբոսաշրջային տվյալների հավաքագրում և թվայնացում, ներգնա զբոսաշրջության զարգացում. «Աջակցություն զբոսաշրջության զարգացմանը» 2023 թվականի ծրագիրը, օտարերկրյա պետությունների, տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությանն ու զբոսաշրջային ծառայությունների որակի բարելավմանն ուղղված միջոցառումներ, տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը, «Զբոսաշրջային գյուղ», «Զբոսաշրջային կենտրոն» հայտարարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծերի հաստատմանն ուղղված աշխատանքներ:

Ըստ զեկույցի, 2022թ. Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը կազմել է շուրջ 1.67 մլն մարդ, իսկ 2021թ.՝ 870,000, աճը կազմել է 92 տոկոս: Ներքին զբոսաշրջության տարեկան աճը կազմել է 20 տոկոս, 2022թ.՝ 1,696,052, իսկ 2021-ին՝ 1,430,503:

Ներկայացնելով մինչև 2026թ. նախատեսված նպատակները, նշվել է, որ ակնկալվում է տարեկան 2.5 մլն զբոսաշրջիկի այցելություն, 20 զբոսաշրջային կլաստերների զարգացում, 50 պատմամշակութային օբյեկտների վերականգնում:

Անդրադարձ է կատարվել ոլորտում նախատեսվող օրենսդրական բարեփոխումներին, ոլորտի վերահսկելիության մեխանիզմների ներդրմանը և ռազմավարության մշակմանը։

Աշխատանքներ են տարվում 50 պատմամշակութային օբեյկետների վերականգնման, զբոսաշրջային նոր երթուղիների մշակման ուղղությամբ:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է և՛ ներքին, և՛ արտագնա զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերը և ընդգծել, որ պետք է առաջնահերթ կերպով վերականգնման աշխատանքներ իրականացնել զբոսաշրջային մեծ ներուժ և վերականգնման խիստ կարիք ունեցող պատմամշակութային օբյեկտները: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ պետք է զբոսաշրջային տարբեր սեգմենտներին համապատասխան ծառայություններ առաջարկել տարբեր ուղղություններով: «Անհրաժեշտ է թիրախավորել նաև ներքին տուրիզմը և տուրօպերատորներին քաջալերենք, որպեսզի ակտիվորեն աշխատեն նաև այս ուղղությամբ»,- ասել է վարչապետը:

Այս առումով, տեղեկացվել է, որ մայիս ամսին կազմակերպվելու է ներքին տուրիզմի զարգացմանը միտված ցուցահանդես: