Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանը վարչապետ չէ, բայց ավիրում է դատական պրոցեսը. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ Պաշտպանության և անվտանգության մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը այսօր հայտարարում է՝ «Մարտի 1»-ի թեման փակված չէ։ 

«Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը ամեն ինչ արեց, որպեսզի գործը դատաքննական փուլ չհասնի։ Դա տևեց տարիներ։ Եթե Ռոբերտ Քոչարյանը ազնիվ էր, արդար էր մարտի 1-ի իր որոշումների տիրույթում, ապա պետք է ամեն ինչ աներ, որպեսզի գործը մտներ դատաքննության փուլ, և ինքը հենց դատարանում ապացուցեր, որ ինքը մեղավոր չի, և ուրիշ մարդիկ են մեղավոր։ Ապացուցեր, որ բանակը չի կիրառվել, որ կրակոց չի եղել, բայց չկրակելու արդյունքում 10 մարդ է մահացել»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը և նկատեց՝ դատաիրավական համակարգը խնդիր է ունեցել։ 

«Ինչքան էլ իրենք փորձեն ասել, որ Մարտի 1-ի թեման փակված է՝ թեման փակված չէ, որովհետև այդ զեկույցների մեջ արձանագրված փաստերը իրենց մեղադրանքների մեջ լուծումների չեն արժանացել»,- ասաց կառավարող ուժի ներկայացուցիչը։
Պատգամավորը նկատեց՝ որպես երկրում փոփոխություն բերած ուժ իրենք պարտավոր են ջանքերն ավելացնել Մարտի 1-ի զոհերի սպանության հանգամանքները բացահայտելու և մեղավորներին պատժելու ուղղությամբ։

«Ե՛վ արդարադատության համակարգին, և՛ նոր Գլխավոր դատախազին պետք է խնդրենք, որպեսզի իրավական լուծումների հետ կապված առաջարկի նախաքննական մարմնին, թե ի՞նչ ճանապարհով, այնուամենայնիվ,  մենք կարող ենք հասնել լիարժեք արդարադատության կայացմանը, որպեսզի տուժողների հարազատները և մեր տուժած զավակները ձեռք բերեն հոգու հանգստություն»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը և ավելացրեց, որ  ամեն մի հնարավորություն պետք է օգտագործել, և Գլխավոր դատախազությունը պետք է այդ ուղղությամբ ջանքեր գործադրի։