Նոր երկրաշարժ Թուրքիայում
Աջակցիր «Ա1+»-ինԹուրքիայի Մալաթիա արևելյան նահանգում այսօր 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Կա 1 զոհ, 69 վիրավոր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում Է Sabah պարբերականը՝ վկայակոչելով Թուրքիայի տարերային աղետների և արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման վարչությանը: Հաղորդվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Յեշիլյուրթ բնակավայրի շրջանում, յոթ կիլոմետր խորության վրա։ Ցնցումները զգացվել են նաև հարևան նահանգներում:
Ըստ Յեշիլյուրթի քաղաքապետի՝ տեղեկություն է ստացվել 5-6 շենքի փլուզման մասին: Թուրքիայի տարերային աղետների և արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման վարչությունը հայտնել է, որ ավերված շինություններում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: 5 մարդ դուրս է բերվել փլատակներից: Մալաթիայի նահանգը փետրվարի 6-ին տեղի ունեցած երկու ավերիչ երկրաշարժերից տուժած 10 նահանգներից մեկն է: Ընդհանուր առմամբ, Թուրքիայում փետրվարի 6-ի երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 44 հազարը։