Բացել լրահոսը Փակել լրահոսը
հաքեր
A A
Հասարակություն

Իսրայելական Check Point Research-ը բացահայտել է ադրբեջանական կիբերհարձակումը հայաստանյան թիրախների դեմ

CyberHUB.Am-ը ներգրավված էր միջազգային հետաքննությանը 

Կիբերանվտանգության ոլորտում միջազգային հեղինակություն վայելող Check Point Research-ը բացահայտել է հայաստանյան թիրախների դեմ ադրբեջանական կիբերհարձակումը՝ մանրամասներ հրապարակելով ամիսներ տևած աշխատանքի արդյունքում։ 

Այս անգամ հարևան երկրից թիրախավորել էին հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին և ԱրցախԲանկին։ Բլոգերն Արցախ այցելելու համար 2016թ․-ին ձերբակալվեց Բելառուսում, և Բաքվի պահանջով արտահանձնվեց Ադրբեջան։ Ինն ամիս ադրբեջանական բանտում մնալուց հետո, Լապշինն ազատ արձակվեց, բայց իր ազատազրկման համար Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) շահեց պաշտոնական Բաքվի դեմ ներկայացրած հայցը։ Ադրբեջանը պարտավորվել էր որպես փոխհատուցում բլոգերին վճարել 30 հազար եվրո։ ՄԻԵԴ-ի որոշումից հետո, Լապշինը հրապարակեց ԱրցախԲանկի՝ իր քարտի լուսանկարը, ուր պետք է փոխանցվեին ադրբեջանական եվրոները։

Ե՛վ Check Point Research-ում, և՛ CyberHUB.Am-ի թիմը և ինքը՝ Ալեքսանդր Լապշինը կարծում են, որ հայաստանյան բանկի դեմ իրականացված կիբերհարձակման պատճառը հենց վերոնշյալն է։ Անցած ամիսներին մեր թիմը գործուն աջակցություն է ցուցաբերել բլոգերին ու Check Point Research-ին՝ հետաքննելու ԱրցախԲանկի դեմ իրականացված կիբերհարձակումը։  

Մեր ունեցած տեղեկություններով՝ հարձակվողները Հայաստանում թիրախավորել են նաև այլ անձանց ու կազմակերպությունների։ CyberHUB-ի թիմը փնտրում է այս հարձակման այլ տուժողների՝ հետաքննությունը շարունակելու և դրա իրական ծավալների մասին ավելի հստակ պատկերացում կազմելու համար։ Այդ առումով՝ շնորհակալ կլինենք, եթե մեզ տրամադրեք տվյալներ և փաստեր՝ այս հարձակման հավելյալ մանրամասների մասին։

Վերադառնալով Check Point Research-ին, նշենք, որ իսրայելացի մասնագետների ուսումնասիրությունները փստում են, որ հայաստանի դեմ կիրառված լրտեսական ծրագիրը (Auto-IT based malware) նախկինում հիմնականում օգտագործվել է թիրախավորելու անձանց և կազմակերպությունների, որոնցով հետաքրքրվել են Ադրբեջանի իշխանությունները։ Ընդ որում, ծրագիրը շարունակաբար թարմացվել և լրամշակվել է անցած 7 տարիների ընթացքում:

Check Point Research-ը մոտ երեսնամյա պատմություն ունեցող, Թել Ավիվում և ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սան Կարլոս քաղաքում կենտրոնակայաններ ունեցող կիբերանվտանգությամբ զբաղվող խոշոր ընկերություն է, ուր աշխատում է մոտ վեց հազար հոգի։ 2021թ․ ընկերության զուտ շահույթը կազմել է 816 միլիոն դոլար։