Կարևոր է խաղաղ երկխոսելու ճանապարհը․ Չեխիայի նորանշանակ դեսպանը՝ արցախահայության խնդրի մասին
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 13-ին ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Պետր Պիրունչիկին: Այս մասին հայտնում են Ազգային ժողովից։
ԱԺ նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` նշելով, որ նրա առաքելության իրականացման ընթացքում հայ-չեխական գործակցությունն ավելի կընդլայնվի եւ կխորանա:
Հանդիպմանը կարեւորվել է երկու երկրների խորհրդարանականների գործակցությունը միջազգային հարթակներում: «Հայաստանի եւ Չեխիայի խորհրդարանների միջեւ վերջին տասը տարիներին բավականին ակտիվ համագործակցություն է ծավալվել: Այս համատեքստում պետք է նշեմ, որ Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկառովա-Ադամովային հրավիրել եմ այցելել Հայաստան»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը:
Քննարկվել է Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում Չեխիայի հետ համագործակցության խորացման հարցը:
Խոսելով տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններից եւ Հայաստանի ինքնիշխան տարածքի ու Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության հանդեպ իրականացվող Ադրբեջանի ագրեսիայից` նորանշանակ դեսպանը հարցի հանգուցալուծման համար կարեւորել է խաղաղ երկխոսելու ճանապարհը:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար` նշելով, որ իր առաքելության ընթացքում ջանքեր չի խնայելու հայ եւ չեխ ժողովուրդներին միմյանց պատմությանը, մշակույթին հաղորդակից դարձնելու համար: