Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+atletika
A A
Սպորտ

Վանաձորում կայացել է աթլետիկայի ձմեռային առաջնություն

Վանաձորի աթլետիկայի մարզադպրոցում կայացել է Լոռու մարզի աթլետիկայի ձմեռային բաց առաջնությունը:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կայքը, մրցաշարին մասնակցել են Երևանի, Գյումրիի, Վանաձորի, Արտաշատի և Կապանի 20 տարեկան և ավելի ցածր տարիքի հավաքական թիմերը, ինչպես նաև Հայաստանի մեծահասակների տղամարդկանց և կանանց հավաքականների մարզիկները։

50մ աղջիկների վազքում հաղթել է Նինա Մուրադյանը՝ Գյումրիից: Տղաների պայքարում լավագույն արդյունքը ցույց է տվել Սամվել Մելքոնյանը` Վանաձորից: 400մ վազքում հաղթող են ճանաչվել Ռայիսա Սիմոնյանը և Արամ Արամյանը, 800մում՝ Մարի Սարգսյանը և Վանիկ Մանդալյանը: 1500 մետրում ոսկե մեդալները նվաճել են Լիանա Մարտիրոսյանը և Արման Ղամբարյանը:

Հեռացատկի մրցումներում կանանցից հաղթել է Սոֆիա Ջավախյանը, իսկ տղամարդկանցից՝ Հրաչյա Մինասյանը: Եռացատկի մրցումներում Սոֆիա Ջավախյանը դարձյալ ցույց է տվել լավագույն արդյունքը, իսկ տղաների պայքարում ոսկե մեդալին արժանացել է Գոռ Հովակիմյանը:

Հաղթողներն ու մրցանակակիրները պարգևատրվել են Լոռու մարզի աթլետիկայի ֆեդերացիայի պատվոգրերով և մեդալներով: Նրանք նվերներ են ստացել նաև ԱՄՆ-ում բնակվող հայ գործարար, մրցման հովանավոր Արին Բողոսյանի կողմից:

Մրցաշարի ընթացքում բարձր արդյունքներ են գրանցել Հայաստանի հավաքականի առաջատար մարզիկները` Յանա Սարգսյանը (հեռացատկ՝ 6,04 մ, եռացատկ 13,20 մ), Լևոն Աղասյանը (եռացատկ՝ 16,37) և Երվանդ Մկրտչյանը (վազք 800 մ.՝ 1.56,9 վրկ):