
Տնօրեններից մի քանիսը չեն պատրաստվում մասնակցել 2023 թվականի քննությանը․ Ալիք
Աջակցիր «Ա1+»-ինՎրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլիի շրջանի հայաբնակ գյուղերի դպրոցի տնօրեններից մի քանիսը չեն պատրաստվում մասնակցել կրթության և գիտության նախարարության կողմից կազմակերպված դպրոցի տնօրենների 2023 թվականի քննությանը. որոշներն էլ դեռևս հստակ չգիտեն՝ կմասնակցե՞ն, թե՝ ոչ:
Վրաստանի բոլոր հանրակրթական դպրոցների տնօրենների քննությունը անցկացվում է պետական լեզվով՝ վրացերենով, ինչն էլ ոչ վրացալեզու դպրոցի տնօրենների համար խնդիներ է ստեղծում:
Մառնեուլիի շրջանի վրաց-հայկական սահմանին գտնվող հայաբնակ Չանախչի գյուղի դպրոցի տնօրեն Մանանա Մանուկյանը դեռ չի կողմորշվել մասնակցե՞լ, թե՝ ոչ քննությանը:
«Վրացերենին այդքան էլ լավ չտիրապետելը որոշ չափով բարդացնում է քննությանը մասնակցությունը, չնայած, եթե լավ պարապենք՝ կկարողանանք հաղթահարել այն», — ասում է Մանուկյանը:
Մառնեուլիի շրջանի վրաց-հայկական սահմանին գտնվող հայերով և ադրբեջանցիներով բնակեցված Խոժոռնի գյուղի տնօրեն Ռիմա Ղարիբյանը չի պատրաստվում մասնակցել քննությանը. պատճառը՝ վրաց լեզվի ոչ բավարար իմացությունն է:
«Վրաց լեզվով այդ քննությունը հանձնել չեմ կարող: Եթե խորը ծանոթանայի քննական թեստերին՝ գուցե կարողանայի, բայց քանի որ վրացերեն է, խուսափում եմ», — նշում է Ղարիբյանը:
Վրաստանի կրթության և գիտության նախարարության (ԿԳՆ) փոխանցմամբ, հանրակրթական դպրոցների տնօրենների քննության առաջին փուլը կմեկնարկի 2023 թվականի հունվարի 22-ին։
Առաջին փուլի թեստավորումը կկատարվի էլեկտրոնային տարբերակով, կսկսվի ժամը 12:00-ին։ Թեստավորման տևողությունը 5 ժամ է։ Տեսողության խնդիրներ ունեցող թեկնածուներին կտրվի ևս 30 րոպե։
Ըստ ԿԳՆ-ի՝ տնօրենի թեկնածուները հաշվառման համար պետք է քննական կենտրոն ներկայանան թեստավորման մեկնարկից մեկ ժամ առաջ։ Թեկնածուներին քննության թույլտվություն չի տրվի, եթե ուշանան, չունենան ID քարտ կամ անձնագիր
Մանրամասները՝ Ալիք-ում