Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+chess armenia (3)
A A
Սպորտ

Շախմատի ՀՀ տղամարդկանց առաջնությունում դարձյալ եռիշխանություն է

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտին է մոտենում շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի տղամարդկանց 83-րդ և կանանց 78-րդ առաջնությունները:

Այսօր կայացան 7-րդ տուրի պարտիաները: Տղամարդկանց մրցաշարի միանձնյա առաջատար Մանուել Պետրոսյանն ոչ-ոքի խաղաց Տիգրան Հարությունյանի հետ և վաստակեց 5,5 միավոր: Դրանից անմիջապես օգտվեցին նրան հետապնդող Ռոբերտ Հովհաննիսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը, որոնք հաղթեցին համապատասխանաբար Արամ Հակոբյանին ու Սարգիս Սագսյանին և միավորներով հավասարվեցին առաջատարին:

Վաղը կայանալիք վերջին՝ 9-րդ տուրում, Մանուել Պետրոսյանը սպիտակներով կհանդիպի Զավեն Անդրիասյանի հետ: Սամվել Տեր-Սահակյանը սպիտակներով կխաղա հենց Ռոբերտ Հովհաննիսյանի հետ: Ի դեպ, եթե այդ պարտիաներում գրանցվի ոչ-ոքի արդյունք, ապա առաջատար եռյակին կարող է հավասարվել նաև Տիգրան Հարությունյանը, որն ունի 5 միավոր և վաղը հանդիպելու է Մամիկոն Ղարիբյանի հետ:

Կանանց առաջնության միանձնյա առաջատար Մարիա Գևորգյանը 8-րդ տուրում հաղթեց Աստղիկ Հակոբյանին, վաստակեց 6 միավոր և պահպանեց իր դիրքը: Նրան շարունակում է հետապնդել Սուսաննա Գաբոյանը, որը պարտության մատնեց Ասյա Եդիգարյանին և միավորների քանակը հասցրեց 5,5-ի: Չեմպիոնական պայքարին կարող է խառնվել նաև Արփինե Գրիգորյանը, որն ունի 5 միավոր:

Եզրափակիչ 9-րդ տուրում Մարիա Գևորգյանը սևերով կմրցի Նվարդ Հայրապետյանի, իսկ Սուսաննա Գաբոյանը՝ առաջնության նորեկ Պոլինա Կոբակի հետ: Արփինե Գրիգորյանը սպիտակներով կխաղա Աննա Խաչատրյանի հետ: