Բացել լրահոսը Փակել լրահոսը
1102159
A A
Քաղաքականություն

Արևմուտքը չի կարող շարունակել լուռ հետևել. իտալացի պատգամավորները խոսել են Արցախի շրջափակումից

Իտալիայի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ անդրադարձել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին և Եվրոպական խորհրդարանում ընդունված համատեղ բանաձևին՝ նշելով, որ Եվրոպան և Իտալիան չեն կարող երես թեքել այն ամենից, ինչ կատարվում է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Իտալիայի խորհրդարանում «Ժողովրդավարական» կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Անդրեա Կազուն «Թվիթեր»-ի իր էջում նշել է, որ Եվրախորհրդարանը հավանություն է տվել Լեռնային Ղարաբաղի շրջափակման հումանիտար հետեւանքների վերաբերյալ համատեղ բանաձեւին:

«Պարտավորություն, որ կտանենք նաև Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողով։ Իտալիան և Եվրոպան չեն կարող երես թեքել այն ամենից, ինչ կատարվում է»։

Պատգամավորները շեշտում են՝ ժամանակն է գործել՝ փրկելու շրջափակման մեջ հայտնված 120 հազար մարդկանց:

Եվրոպական խորհրդարանի բանաձևին անդրադարձել է նաև Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ Ջուլիո Չենտեմերոն. «Եվրոպական խորհրդարանը հավանություն է տվել համատեղ ներկայացված բանաձեւին՝ ի պաշտպանություն Լաչինի միջանցքի շրջափակման հետեւանքով փաստացի պատանդ վերցված Լեռնային Ղարաբաղի բնակչության։ Ժամանակն է գործել՝ փրկելու 120,000 մարդու, այդ թվում՝ 30,000 երեխաների կյանքը»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Չենտեմերոն:

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելուն անդրադարձել է նաև Իտալիայի Պատգամավորների պալատի պատգամավոր Էմանուելե Պոցցոլոն: Նա նշել է, որ Արևմուտքը չի կարող դիտորդի դերում մնալ: «Արևմուտքը չի կարող շարունակել լուռ հետևել. առկա է սննդի, դեղորայքի, վառելիքի պակաս։ Բնակչությունը՝ ներառյալ 30,000 երեխա և 20,000 տարեց, գտնվում է հսկայական հումանիտար ճգնաժամի շեմին»,- ասել է նա։