Բացել լրահոսը Փակել լրահոսը
325494327_1186966218615487_653244822841799521_n
A A
Քաղաքականություն

Ադրբեջանի նախագահը 2023թ. հունվարի 10-ի ելույթով զարգացնում է կեղծ թեզեր․ Ա․ Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆբ-ի իր էջում գրել ․
 
Ադրբեջանի նախագահը 2023թ. հունվարի 10-ի ելույթով զարգացնում է կեղծ թեզեր. պատմական ու իրավական փաստերի բացահայտ կեղծումով Հայաստանի Հանրապետության տարածքներն անվանում է «արևմտյան Ադրբեջան» և դրա հետ կապված նշում «արևմտյան ադրբեջանցիներ»:
 
Սա նրա այն կեղծիքն է, թե «Հայաստանն առանց արժեք երկիր է (...) ադրբեջանական հինավուրց հողերի վրա արհեստականորեն ստեղծված տարածք է»:
 
Ադրբեջանի նախագահն այդ ելույթով բորբոքում է հայատյացություն ու թշնամանք, նա կեղծ փաստերով փորձում է ստեղծել նաև ռազմական ագրեսիայի արհեստական հիմքեր Հայաստանի ու Արցախի նկատմամբ:
 
Պետական սահմանների դելիմիտացիայի հարցերում Հայաստանին ու հայ ժողովրդին բացահայտ սպառնում է ռազմական ագրեսիայով, պատերազմով՝ փաստերի կեղծումով:
 
Ադրբեջանի նախագահի ելույթների այդ հատվածներն առանձնացվել են և պաշտոնական նամակներով Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամ/ “Tatoyan” foundation կողմից ուղարկվել են ԵԱՀԿ, ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտե, ԵԽ-ի Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ հանձնաժողով, ՄԱԿ-ի և ԵԽ-ի մարդու իրավունքների հանձնակատարներին և միջազգային այլ մարմինների։
 
Ադրբեջանի նախագահը բացահայտ խոսում է ուժի ու սպառնալիքի լեզվով, օգտագործում է այնպիսի բառեր ու արտահայտություններ, որոնք նսեմացնում են ողջ հայ ժողովրդի, Հայաստանի ու Արցախի ողջ բնակչության արժանապատվությունը, ահաբեկող բնույթի են:
 
Ակնհայտ են նրա ինչպես այս, այնպես էլ նախորդ ելույթներում ֆաշիզմի դրսևորումները, որով նա ընդգծում է մի ժողովրդի՝ ադրբեջանական ժողովրդի առավելությունները հայ ժողովրդի նկատմամբ, բորբոքում ատելություն ու այս պայմաններում հետո խոսում է խաղաղությունից: