ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները պարտավոր են վերջ դնելու ադրբեջանական հանցավոր անպատժելիությանը. Արցախի ՄԻՊ
Աջակցիր «Ա1+»-ինԱդրբեջանական կողմը միտումնավոր կաթվածահար է անում Արցախի կենսական նշանակության ենթակառուցվածքները. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ ՌԴ-ն, ԱՄՆ-ն, Ֆրանսիան պարտավոր են վերջ դնելու ադրբեջանական հանցավոր անպատժելիությանը: Այս մասին ֆբ-ի իր էջում ասել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Արցախի ՄԻՊ-ը շեշտել է, որ Ադրբեջանն օգտագործում է ենթակառուցվածքային խոցելիությունը՝ շրջափակման մեջ գտնվող Արցախի ժողովրդին ահաբեկելու և հավելյալ տառապանքներ պատճառելու համար:
Ըստ ՄԻՊ աշխատակազմի կողմից հավաքագրած փաստերի՝ հունվարի 12-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը Շուշիի հատվածում (շրջափակման վայր) դիտավորյալ կտրել է Հայաստանի Հանրապետությունից դեպի Արցախ եկող հաղորդակցության լարերը՝ Արցախի ամբողջ տարածքում խաթարելով հեռահաղորդակցության և ֆիքսված համացանցի հասանելիությունը։
«Օգտվելով այն հանգամանքից, որ դեպի Արցախ եկող ենթակառուցվածքներն անցնում են ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքներում, ադրբեջանական կողմը միտումնավոր կաթվածահար է անում կենսական նշանակության ենթակառուցվածքների աշխատանքը, որի վառ ապացույցն են գազամատակարարման խաթարումները (2022 թ․ մարտ, 2022 դեկտեմբեր), էլեկտրական բարձրավոլտ լարերի վերականգնմանը հունվարի 9-ից խոչընդոտելը, Արցախի տարածքում համացանցի և բջջային կապի պարբերական խաթարումները։
Արցախի ամբողջական շրջափակման պայմաններում ենթակառուցվածքային ահաբեկման այս մեթոդը նպատակ է հետապնդում Արցախի խաղաղ բնակչությանը ենթարկելու հավելյալ տառապանքների և մարդկային անտանելի պայմաններ ստեղծելու Արցախում»,- շեշտել է Ստեփանյանը:
Նա նաև ընդգծել է այն հանգամանքը, որ Ադրբեջանի վարքագիծը անարգանք է մարդու իրավունքների օրակարգի, մարդասիրական արժեքների և քաղաքակրթության նկատմամբ։
«Պետություններն ու միջազգային կառույցները և, առաջին հերթին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝Ռուսաստանի Դաշնությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգները և Ֆրանսիան պարտավոր են վերջ դնելու ադրբեջանական հանցավոր ամենաթողությանն ու անպատժելիությանը»,- շեշտել է Արցախի ՄԻՊ-ը։