Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_038A1734
A A
Հասարակություն

Մարզառազմական ճամբարները պարտադիր կդառնան բոլոր դպրոցների ավագ դասարանների համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր հանդիպել է ռազմահայրենասիրական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ համագործակցության հետագա հեռանկարները քննարկելու նպատակով:

Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի չափորոշչի հեղինակային խմբի նախագահ, Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի փոխտնօրեն Արթուր Կարապետյանը, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը, ռազմահայրենասիրական մի շարք հասարակական կազմակերպությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը հանդիպման ընթացքում նախ անդրադարձել է «Անվտանգ դպրոցներ» ծրագրի իրականացման շրջանակում տարածված և հանրային շահարկման թեմա դարձած շրջաբերականին՝ ընդգծելով, որ այն որևէ առնչություն չի ունեցել «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դասավանդման ուսումնական գործընթացի հետ:

«Անվտանգ դպրոցներ» միջազգային հռչակագիրը Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է դեռևս 2017 թվականին և, ի թիվս 115 այլ պետությունների, ստանձնել պարտավորություն զերծ մնալ դպրոցների տարածքներում ռազմական կառույցներ տեղակայելուց: Այն նպատակ ունի ռազմական հնարավոր գործողությունների ժամանակ երեխաներին և կրթական հաստատությունները զերծ պահել թիրախավորումից:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ խոսքը բուն ռազմականացված կառույցների մասին է՝ երեխաների անվտանգությունը դպրոցներում ապահովելու նպատակով և չի վերաբերում ուսումնական ծրագրին: