Բացել լրահոսը Փակել լրահոսը
հիվանդանոց
A A
Հասարակություն

Սպանություն Երևանում. Degusto-ի դիմաց գետնին ընկած քաղաքացիներից մեկը հիվանդանոցում մահացել է

Այսօր՝ հունվարի 6-ին սպանություն է տեղի ունեցել Երևանում՝ հայտնում է Shamshyan.com կայքը։ Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները ծառայություն կատարելիս են լինում Ռուբինյանց-Պարույր Սևակ փողոցների խաչմերուկում, երբ նկատում են, որ Պարույր Սևակի փողոցում գործող «Degusto» արագ սննդի կետի դիմաց 3 քաղաքացի ուշագնաց ընկած են։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները վիրավորներից մեկին իրենց ծառայողական ավտոմեքենայով տեղափոխում են «Իզմիրլյան» ԲԿ, իսկ երկուսի համար էլ ահազանգում են 1-03 շտապօգնություն, և ժամանած բժիշկների հերթապահ խումբը այդ երկու վիրավորներին էլ է տեղափոխում «Իզմիրլյան» ԲԿ։

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանն ու 4-րդ գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանը դեպքի վայրում հայտնաբերել են արնանման հետքեր, սպիտակ շապիկ, որոնք նրանց հանձնարարականով պարեկները վերցրեցին իրենց հսկողության տակ։ 

«Degusto»-ի դիմաց հայտնաբերվել են արնանման հետքեր, ինչպես նաև հետքերը տանում են դեպի Պարույր Սևակի փողոց, որը պարեկները նույնպես այս պահին վերցրել են իրենց հսկողության տակ։ 

Մինչ դեպքի վայրում տարածքը սահմանազատել և ծառայություն էին կատարում պարեկները, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վիրավորներից մեկը մահացել է, իսկ մյուս երկուսի համար բժիշկները պայքարում են։


Դեպքի փաստով սպանություն հատկանիշներով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի և վիրավորների ինքնությունը։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: