Բացել լրահոսը Փակել լրահոսը
01 (24)
A A
Պաշտոնական

ԳԱԱ-ում քննարկվեց գիտական աստիճանաշնորհման նոր կանոնակարգի նախագիծը

Սույն թվականի դեկտեմբերի 23-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում գիտական հանրությունը ՀՀ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանի հետ քննարկեց «Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 8-ի N 327 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։

«Գործող կարգում կան բազմաթիվ դրույթներ, որոնք իրար հետ համաձայնեցված չեն։ Նոր կանոնակարգով վերացվում են այդ անհամաչափությունները», - նշեց Կարեն Քեռյանը: 

Փաստաթղթով նախատեսվում է կատարել փոփոխություններ գիտական աստիճանաշնորհման կարգում չորս ուղղություններով

·         Թեկնածուական պաշտպանելուց մինչև մասնագիտական խորհրդի անդամ լինելու համար 2027 թվականից սկսած անհրաժեշտ կլինի ունենալ միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկված պարբերականներում տպագրություններ: Նման տպագրությունները կդիտվեն համարժեք տեղական պարբերականներում տպագրված 2-3 հոդվածի:

·         Արտերկրի մասնագետը հնարավորություն կունենա համաղեկավարելու ասպիրանտներին ու հայցորդներին, բացի այդ՝ ընդգրկվելու մասնագիտական խորհուրդներում, ինչպես նաև առցանց մասնակցելու պաշտպանության գործընթացին՝ որպես ընդդիմախոս:

·         Կպահանջվի ներկայացնել կուտակած անհրաժեշտ կրեդիտների մասին տեղեկանք, նշել մասնագիտական խորհրդի նիստի քվորումն ապահովելու համար նվազագույն անհրաժեշտ մասնակիցների մասնաբաժինը։ Փորձարարական մասնագիտությունների դեպքում առանց համահեղինակների հոդված ունենալու պահանջը փոխարինվել է առաջին հեղինակով հոդված ունենալուն:

·         Առաջատար կազմակերպության փոխարինում ընդդիմախոսով: Աստիճանաշնորհման գործընթացի տարբեր օղակներում մասնագետներին ներգրավելիս այլևս շեշտը չի դրվելու գիտությունների դոկտորի աստիճան ունենալու վրա, այլ կարևորվելու է բարձր գիտաչափական տվյալներ ունենալը և ակտիվ գիտնական լինելը: 

Քննարկման ընթացքում բարձրացվեց մասնագիտական խորհուրդների անդամների և գիտական ղեկավարների երիտասարդացման հարցը։ «Մենք նոր մեխանզիմներ պետք է ներդնենք և հնարավորինս փորձենք երիտասարդացնել գիտական ղեկավարների տարիքը», - ասաց Կարեն Քեռյանը։

Անդրադարձ եղավ միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկված պարբերականներում տպագրություններ ունենալու պահանջին։

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը նշեց «Հումանիտար-հասարակագիտական ոլորտներում անգլալեզու հրապարակումների թիվն էապես պետք է ավելացնել աշխարհում մեր տեսանելիության բարձրացման համար։ Սա ազգային անվտանգության խնդիր է»։

ՀՀ ԳԱԱ նախագահի խորհրդական Ռադիկ Մարտիրոսյանը ներկայացրեց իր դիտարկումները նախագծի վերաբերյալ «Նախագիծը ենթադրում է որակի բարձրացում, բայց որոշ դրույթներ իջեցնում են որակը։ Հատկապես առաջատար կազմակերպության փոխարինումը՝ ընդդիմախոսով։ Իմ կարծիքով՝ պետք է վերանայել այդ դրույթը։ Նաև պետք է վերանայել գիտությունների դոկտորի աստիճանի հետ կապված դրույթը։ Պետք է այդ աստիճանը պահպանել գիտությունների դոկտորը պետք է թեկնածուից բարձր լինի»։

ԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին