Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Արցախի ՄԻՊ․ Ադրբեջանի հետ շփումները երբեք չեն վերաբերվել ու երբեք չեն վերաբերելու որեւէ ինտեգրման. «Առերեսում»․ Առավոտ (տեսանյութ)

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ՌԴ ԱԳ նախարարի հետ ասուլիսի ընթացքում անդրադառնալով Բերձորի միջանցքին՝ ասել էր. «Ենթադրենք՝ ինչ-որ քաղաքացիներ ցանկանում են իրենց մեքենաներով անցնել և հոգեբանորեն կաշկանդված են այդ հարցում, հատկապես եթե առաջին անգամ են անցնում․․․ Ցանկանում եմ հիշեցնել, որ Լաչինի միջանցքի երկարությունը 32 կմ է, այն վայրը, որտեղ կանգնած են ադրբեջանցի ակտիվիստները, ընդամենը 100 մետր է, առավելագույնը՝ 200, և նրանց կողքին կանգնած են ռուս խաղաղապահները։ Ծայրահեղ դեպքում նրանք կարող են դիմել ռուս խաղաղապահներին՝ ուղեկցելու իրենց»: «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի հյուրը՝ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն այս առնչությամբ ասաց. «Իսկ ինչի՞ համար դիմենք; Իսկ ի՞նչ գործ ունեն այդ, այսպես կոչված, «բնապահպաններն» այդ տարածքում, որտեղ նրանք, եռակողմ հայտարարության հիման վրա, որեւէ ձեւով չպետք է մուտք ունենային: Այդ ողջ տարածքը գտնվում է ռուս խաղաղապահների իրավազորության ներքո, եւ 2 տարի այդ տարածքում չենք տեսել ադրբեջանական ներկայություն: Որտեղի՞ց որոշեցին, որ իրենց այսպես կոչված «բնապահպանները» պետք է հայտնվեն այնտեղ, մենք էլ մտածենք, թե ինչպես երաշխավորվի մեր ժողովրդի ազատ եւ անվտանգ տեղաշարժը»:

Ջեյհուն Բայրամովը նաեւ պահանջել էր, որ պետնախարար Ռուբեն Վարդանյանը հեռանա Արցախից. «Նա պետք է լքի շրջանը, և որքան շուտ, այնքան լավ: Առաջին հերթին դրանից տուժում է տեղի բնակչությունը, որի վերաինտեգրմանը նա խանգարում է: Որովհետև նրա հայտնվելուց առաջ այդ ուղղությամբ դրական շփումներ կային: Մենք կարծում ենք, որ տվյալ գործոնը վնասաբեր է և ապակառուցողական: Նաև կոչ ենք անում շահագրգիռ կողմերին նպաստել հայ բնակչության վերաինտեգրման գործընթացին»:

Հարցին՝ Արցախում կա՞ն «վերաինտեգրման» կողմնակիցներ, Գեղամ Ստեփանյանը պատասխանեց. «Ես բացառում եմ, որ Արցախում կան վերաինտեգրման կողմնակիցներ: Արցախի ժողովրդի կամքը վերահաստատվել է նաեւ Ստեփանակերտում կայացած բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ, որին մասնակցել են, տարբեր հաշվարկներով, 40-50 հազար մարդ, այսինքն՝ Ստեփանակերտի բնակչության 80 տոկոսը, եւ շրջաններից էլ մեծ թվով մասնակիցներ կային: Այսինքն՝ Ադրբեջանն իր համար ստեղծել է մի շրջան, սկսել է հավատալ, թե արցախցիները կարող են գնալ ինտեգրման: Ոչ թե վերաինտեգրման, այլ ինտեգրման. մենք երբեք ինտեգրված չենք եղել, որ մի հատ էլ վերաինտեգրվենք. անգամ խորհրդային ժամանակահատվածում Արցախը երբեք իրեն ինտեգրված չի համարել ադրբեջանական հասարակության մեջ, առաջնորդվել է իր մշակույթով, իր լեզվով, պահպանելով ամբողջական հայկականը: Ադրբեջանն ի վերջո պետք է զարթնի ու հասկանա, որ այս ժողովուրդը երբեք չի գնալու «ինտեգրման»: Եվ եթե, ենթադրենք, որ լինեն առաջնորդներ կամ ղեկավարներ, որոնք կգնան այդ ճանապարհով՝ նրանց կյանքը երկար չի տեւի»:

Դիտարկմանը, թե այնուամենայնիվ շփումներ եղել են, ասենք, Վիտալի Բալասանյանի հետ, Սարսանգի ջրամբարի խնդրով՝ Արցախի ՄԻՊ-ը պատասխանեց. «Շփումներ եղել են: Հիմա էլ կան շփումներ, բանակցություններ են ընթանում ճանապարհի վերաբացման վերաբերյալ՝ նաեւ Արցախի իշխանությունների տարբեր ներկայացուցիչների ներգրավվածությամբ: Մենք միշտ դա նշել ենք, որ շփումները միայն ենթակառուցվածքային եւ մարդասիրական հարցերի շրջանակներում են: Այդ շփումները երբեք չեն վերաբերվել ու երբեք չեն վերաբերելու որեւէ ինտեգրման կամ, ինչպես իրենք են ասում՝ վերաինտեգրման: Եվ եթե որեւէ պահի քաղաքական հարցերի շուրջ շփման հնարավորություն կամ հարթակ ձեւավորվի, ապա արցախյան կողմի դիրքորոշումն ինչպես եղել է, այդպես էլ շարունակելու է մնալ, որ Արցախը որեւէ կարգավիճակում չի լինելու Ադրբեջանի կազմում»:

Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը փոխանցել էր, որ Մարտունու գյուղերում, Մարտակերտում, Ասկերանում պատգամավորների և պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ շփման ժամանակ ականատես է եղել, թե ինչպես են արցախցիները վրդովված Հայաստանի պասիվությունից. «Նրանք ասում էին, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են պլանավորված վաճառել Արցախը։ Մեղադրում էին նրանց ստեղծված իրավիճակին ոչ համահունչ գործելու համար, ասում էին, որ ՀՀ իշխանությունները դիտորդի դերում են և 120 հազար հայերի ճակատագիրը թողել են բախտի քմահաճույքին»: Հարցին, թե որքանո՞վ են նման տրամադրություններն ընդհանրական Արցախում՝ Գեղամ Ստեփանյանը պատասխանեց, թե որոշակիորեն կան. «Եվ դա շատ վատ է, որ հայաստանյան հասարակության, իշխանության հետ կապված առկա են այդ տրամադրությունները: Միանշանակ է, որ մենք դրանից չենք շահում: Որովհետեւ ինչպես 80-ականներից կար այդ միասնությունը, այդպես էլ պետք է շարունակվեր, որպեսզի կարողանանք հստակ արդյունքների հասնել»:

Արդյոք կհամաձայնի՞ այն դառը արձանագրմանը, որ Հայաստանում ապրողների մեծ մասին Արցախն ու հայրենիքը չի մտահոգում, նրանք տոնածառի ու ամանորյա սեղանի հարցեր են լուծում. ի պատասխան Արցախի Մարդու իրավունքների պաշտպանն ասաց. «Շատ լուրջ անելիքներ ունենք՝ եւ այստեղ, եւ Արցախում: Իրապես համազգային նշանակության հարցերը երկրորդային, երրորդային պլան են մղված: Եվ մարդիկ, ցավոք սրտի՝ պետք է արձանագրենք, որ կենցաղային հարցերին ավելի մեծ ուշադրություն են դարձնում, քան Հայրենիքի ու մեր հայկականության պահպանման հարցերին: Սա կարճաժամկետ լուծում չունի՝ նաեւ կրթության ճանապարհով պետք է լուծենք հարցը, որ մարդիկ ի վերջո ուշադրությունը դարձնեն դեպի Հայրենիք, հայապահպանություն, հասկանալու համար, որ Հայրենիքը մեկն է եւ ամեն ջանք պետք է գործադրվի այն պահպանելու համար»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով