Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն (տեսանյութ)

Դեկտեմբերի 24-ին ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի և Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի ուղեկցությամբ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ N ուսումնական կենտրոն, ծանոթացել ծառայության կազմակերպմանն ու ընթացող շինարարական աշխատանքներին: Այս մասին հայտնում են նախարարությունից:

Այնուհետև ներկայացվել է զորամասի մասնաշենքերից մեկում վերջերս բացված գրքի ընթերցման և օտար լեզուների զարգացման կենտրոնի հնարավորությունները:

Նախարարը ներկա է գտնվել նաև ուսումնական կենտրոնում անցկացված 18-շաբաթյա դասընթացը հաջողությամբ ավարտած զինծառայողների ավարտական հանդիսությանը:

Որակավորման վկայականներ ստացած զինծառայողները օրեր անց մեկնելու են իրենց մշտական տեղակայման վայրեր և նշանակվելու են ջոկի հրամանատարներ:

Շնորհավորելով վկայականներ ստացած ժամկետայիններին՝ Պապիկյանն ընդգծել է, որ դասընթացի շրջանակում ձեռք բերած գիտելիքները կարևոր են կրտսեր հրամանատարի առաքելությունը ստանձնելու ճանապարհին: Զինծառայողների հետ զրույցի ընթացքում խոսել է նաև ԶՈւ-ում իրականացվող բարեփոխումների ընթացքի մասին:

Ավելի ուշ, տեղի է ունեցել քննարկում ուսումնական գործընթացի արդիականացման, ինչպես նաև առաջիկայում ներդրվող ծրագրերի վերաբերյալ: Պաշտպանության նախարարն այցելել է նաև զորավարժարաններից մեկն ու հետևել դիպուկահարների դպրոցի զինծառայողների հրաձգության վարժանքներին: