Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Դե ֆակտո եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունը չի կատարում նաև ՌԴ խաղաղապահ զորախումբը. վարչապետ (տեսանյութ)

Կառավարության նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին և նշել.

 

«Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ,

 

Սիրելի ժողովուրդ,

 

Նախորդ շաբաթվանից ի վեր Լաչինի միջանցքում ստեղծված ճգնաժամը չի հանգուցալուծվել, բացառությամբ թերևս մի բանի՝ վերականգնվել է Լեռնային Ղարաբաղի բնական գազի մատակարարումը:

 

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրադրությունը մնում է ծայրահեղ լարված: Հարյուրավոր ընտանիքներ շարունակում են կիսված մնալ՝ ակամա հայտնված լինելով շրջափակման տարբեր կողմերում: Լեռնային Ղարաբաղում առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքների, այդ թվում՝ պարենի դեֆիցիտ է նկատվում:

 

Լաչինի միջանցքը փակելու Ադրբեջանի գործողություններն ապօրինի են և կոպտորեն խախտում են նրա ստանձնած միջազգային պարտավորությունները, մասնավորապես՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները: Հայտարարության 6-րդ կետի համաձայն, ինչպես ասել եմ բազմիցս, Լաչինի միջանցքը գտնվում է Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո, և ադրբեջանական հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը: Այս դրույթն այսօր փաստացի չի իրագործվում:

 

Դե ֆակտո ստացվում է, որ եռակողմ հայտարարությամբ արձանագրված պարտավորությունը, այն է՝ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը, չի կատարում նաև Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: Իհարկե, նման բան տեղի է ունենում Ադրբեջանի ապօրինի գործողությունների հետևանքով, բայց սրանից իրավիճակը չի փոխվում, որովհետև Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի ներկայության առանցքային իմաստը հենց դա է՝ թույլ չտալ, որ նման ապօրինություն տեղի ունենա և մասնավորապես՝ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը:

 

Հարգելի գործընկերներ,

 

Կառավարության նախորդ նիստում ես արձանագրեցի մեր հավաքական ջանքերի կարևորությունը Լաչինի միջանցքն Ադրբեջանի կողմից ապօրինի շրջափակելու փաստի միջազգային տեսանելիությունը մեծացնելու համար: Եվ մենք տեսնում ենք, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված հումանիտար ճգնաժամը բավականին մեծ միջազգային արձագանք է ստացել:

 

Նախորդ օրը կարևորագույն քննարկում տեղի ունեցավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այս հարցի վերաբերյալ: Տարբեր երկրներ և միջազգային կազմակերպություններ շարունակում են հստակ գնահատական հնչեցնել ստեղծված իրավիճակին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել հստակ գնահատական հնչեցրած բոլոր երկրներին և միջազգային կազմակերպություններին: Շնորհակալություն եմ հայտնում նաև հայաստանյան և սփյուռքի այն կազմակերպություններին և անհատներին, մասնագիտական խմբերին, ովքեր ջանքեր են գործադրում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի միջազգային տեսանելիության աճի համար:

 

Մեր միասնական ջանքերն այս ուղղությամբ պետք է ավելի մեծացնենք: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործում միջազգային հանրության ակտիվությունը պետք է էականորեն մեծանա: Ակտիվորեն պետք է աշխատել Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի փաստահավաք առաքելություն ուղարկելու ուղղությամբ:

 

Պիտի նաև արձանագրեմ, որ այս ընթացքում Ադրբեջանը շարունակում է փորձերը՝ Հայաստանին մեղադրել իր ստանձնած պարտավորությունները չկատարելու մեջ: Նման փորձերը սին են և հիմնազուրկ, և այս թեմային ես բազմիցս եմ անդրադարձել: Ի հավելում՝ պիտի ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի շուրջ իր առաջարկները, և մենք պատրաստ ենք ստորագրել այդ բովանդակությամբ պայմանագիրը: Հույս ունեմ՝ Ադրբեջանի արձագանքը նույնպես դրական կլինի:

 

Հայկական կողմը դեռևս ամիսներ առաջ Ադրբեջանին է փոխանցել սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի հետագա աշխատանքների հետ կապված իր առաջարկները, սակայն մինչև օրս պատասխան չենք ստացել: Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանին է փոխանցել տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբացման վերաբերյալ իր առաջարկները և պատրաստ է այդ ճանապարհով գնալ հարցի անհապաղ լուծման: Հայաստանի Հանրապետությունը դեռ ամիսներ առաջ Ադրբեջանին է փոխանցել սահմանային անվտանգության երաշխավորման մասին իր առաջարկները, բայց մինչև օրս պատասխան չենք ստացել: Ասեմ նաև, որ այդ առաջարկները ներառում են Հայաստանի Հանրապետության օկուպացված տարածքների խնդրի լուծումը: Մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը, որ Ադրբեջանը պետք է դադարեցնի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների օկուպացիան, և նրա զորքերը պետք է հետ քաշվեն Հայաստանի Հանրապետության ինքիշխան տարածքից:

 

Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ,

 

Սիրելի հայրենակիցներ,

 

Ի հեճուկս բոլոր դժվարությունների և բարդությունների, մենք շարունակում ենք մեր ջանքերը՝ համապարփակ լուծումների գնալու, խաղաղություն և կայունություն ապահովելու ուղղությամբ: Որքան էլ հասկանում ենք այս առաքելության բարդությունը, սրանից մեր վերաբերմունքը և նպատակասլացությունը չի փոխվում:

 

Շնորհակալություն»: 

      

Станьте спонсором канала, и вы получите доступ к эксклюзивным бонусам. Подробнее: https://www.youtube.com/channel/UCXdAEFA6DLFd-rcPYnATCRA/join Հարգելի բարեկամ «Ա1+»-ը քո աջակցության կարիքն ունի https://a1plus.am/hy/support