Բացել լրահոսը Փակել լրահոսը
Բորել
A A
Քաղաքականություն

ԵՄ դիտորդական կարողության մանդատն ավարտվեց․ մեկնարկում է պլանավորման նոր խումբը

ԵՄ գրասենյակի հաղորդագրությունը

Ավարտվել է հոկտեմբերից գործող Հայաստանում ԵՄ դիտորդական կարողության մանդատը։ 

Հայաստանի, Ադրբեջանի, Եվրոպական խորհրդի և Ֆրանսիայի առաջնորդների միջև Պրահայում կայացած հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում՝ 2022 թվականի հոկտեմբերի 20-ին Հայաստանում՝ Հայասատանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի երկայնքով տեղակայվել է ԵՄ դիտորդական կարողության խումբ՝  նպատակ ունենալով դիտարկել, վերլուծել և զեկուցել տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։

«40 եվրոպացի դիտորդություն իրականացնող փորձագետի տեղակայումը ապացուցել է իր արդյունավետությունը և նպաստել է անկայուն իրավիճակում վստահության ձևավորմանը: Այսօր մեկնարկում ենք Հարավային Կովկասում ԵՄ ներգրավվածության նոր փուլ՝ անցումային խմբով, որը հող կնախապատրաստի Հայաստանում ԵՄ հնարավոր ավելի երկարաժամկետ առաքելության համար՝ նպաստելու տարածաշրջանում կայուն խաղաղության վերջնական նպատակին»,- նշել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ջուզեպ Բորելը։

Այս համատեքստում Խորհուրդը՝ Հայաստանի ղեկավարության հետ պայմանավորվածությամբ,  որոշում է ընդունել, որ Վրաստանում գործող ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստան կգործուղի  անցումային պլանավորմանն աջակցող խումբ՝ բարձրացնելու ԵՄ-ի շրջանում իրազեկվածությունը անվտանգության շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ և նպաստելու Հայաստանում հնարավոր ԸԱՊՔ քաղաքացիական դիտորդական առաքելություն տեղակայելու պլանավորմանը և նախապատրաստմանը։  Ակնկալվում է, որ անցումային պլանավորմանն աջակցող խումբը աջակցություն կցուցաբերի Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին ԵՄ-ի աջակցությամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացում:

 

Ընդհանուր տեղեկատվություն

2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպման շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի Կանոնադրությանը և 1991 թվականի դեկտեմբերի 21-ին Ալմա-Աթայում ստորագրված ԱՊՀ Հռչակագրին, որով  պետությունները երկուստեք ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Նրանք հաստատել են, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի համար, որոնց վերջին հանդիպումը տեղի է ունեցել Բրյուսելում 2022 թվականի նոյեմբերի 3-ին:

2022 թվականի հոկտեմբերի 17-ին Խորհուրդը որոշում է ընդունել միչև 2022 թվականի դեկտեմբերի 19-ը Վրաստանում գործող ԵՄ դիտորդական առաքելության դիտորդների կազմից Հայաստան ԵՄ դիտորդներ տեղակայելու մասին։