Բացել լրահոսը Փակել լրահոսը
Դավիթ Բաբայան
A A
Քաղաքականություն

Դավիթ Բաբայանը գրություններ է ուղարկել միջազգային կազմակերպություններ և ՀՀ-ում օտարերկրյա դեսպանատներ

Արցախի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ դեկտեմբերի 14-ին ԱՀ արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բաբայանը գրություններ է ուղարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, ԵԱՀԿ  գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուին,  ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան` Անդրեա Վիկտորինին, ԵԽ գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին, ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Քրիստինե Վայգանդին, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ֆրանսիական Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության, Գերմանիայի Դաշնային Հանրապետության, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Հունաստանի Հանրապետության, Ավստրալիական Միության, Եգիպտոսի Արաբական Հանրապետության, Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության դեսպաններին և մի շարք այլ միջազգային  կազմակերպությունների։

«Նամակներում ներկայացվել է Արցախում ստեղծված իրավիճակը Ադրբեջանի կողմից Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը փակելու և Հայաստանից Արցախ բնական գազի մատակարարումն ընդհատելու պատճառով։

Փաստաթղթերում Ադրբեջանի քաղաքականությունն ու գործողությունները որակվել են որպես միջազգային իրավունքի, միջազգային մարդասիրական իրավունքի և Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում։

Կոչ է արվել կիրառել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Ադրբեջանի ագրեսիան դատապարտելու, սանձարձակ գործողությունները կասեցնելու և Արցախը ապաշրջափակելու համար։

Ընդգծվել է Ադրբեջանի պահվածքին անհրաժեշտ գնահատական տալու անհրաժեշտությունը»,-նշված է հաղորդագրությունում։